
Իրանն ազատ է արձակել բրիտանական Stena Impero նավթատար նավը. Sky News Arabia

Իրանի իշխանություններն ազատ են արձակել բրիտանական Stena Impero լցանավը, որը Հորմուզի նեղուցում կալանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների զորախմբի կողմից (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանում): Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։
Ինչպես հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, «բրիտանական լցանավի ազատման իրավաբանական ընթացակարգերն ավարտված են»:
Ըստ որում նա չի հայտնել ստույգ ժամկետը, թե նավթատար նավը երբ կմեկնի Իրանի ափերից:
Հուլիսի 19-ին IRNA գործակալությունը հաղորդել էր, որ Stena Impero լցանավը՝ բրիտանական դրոշի ներքո Հորմուզի նեղուցում կալանվել է այն բանից հետո, երբ չի արձագանքել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի նախազգուշացումներին: Սեպտեմբերի սկզբին Իրանի իշխանությունները լցանավի անձնակազմի յոթ անդամների թույլատրել են հեռանալ Իրանից եւ մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ: Դրանից հետո նավում մնացել են անձնակազմի 16 անդամներ. դա նվազագույնն է նավի գործառման ապահովման համար ծով դուրս գալու դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: