«Փաշինյանի քաղաքականությունը՝ Արցախի Հանրապետության մասով, ուղղակի շատ վտանգավոր է». Արա Գասպարյան

«Ադրբեջանի պաշտպանության նախարարի հոխորտանքները նոր չեն, նա պարբերաբար հոխորտում է, որ խնդիրը պատերազմով է լուծելու, և քայլեր են անում այդ ուղղությամբ՝ բանակն են արդիականացնում, սպառազինություններ են ավելացնում, զորավարժություններ են անցկացնում արտաքին քաղաքական տարբեր տեսակի դաշնակիցների հետ ալյանսներ են ձևավորում, Հայաստանի մեկուսացման ուղղությամբ են լուրջ աշխատում, նույնիսկ ավելի ակտիվ են աշխատում ՀԱՊԿ-ում մեր որոշ դաշնակիցների հետ, քան մենք ենք աշխատում: Այսինքն՝ ադրբեջանցիները շատ լուրջ նախապատրաստվում են դրան, և սա միայն հոխորտանք չէ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի սպառնալիքներին:

Ըստ նրա՝ Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է պարտադրել հայկական կողմին. «Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք հիբրիդային պատերազմի փուլում, որը կարող է ցանկացած իրավիճակում վերածվել տաք պատերազմի: Ադրբեջանցիների գործողությունները պետք է շատ լուրջ մոնիտորինգի ենթարկել. նրանց շարժառիթները մեզ համար միանգամայն հասկանալի են, այսինքն՝ այս մարդիկ պատրաստվում են պատերազմի միջոցով այդ խնդիրը լուծել, մենք էլ համապատասխան քայլեր պետք է անենք: Նույն հիբրիդային պատերազմի էլեմենտները մենք պետք է Ադրբեջանի գլխին փաթաթենք, այսինքն՝ պետք է փորձենք ակտիվ աշխատել նրանց ռազմաքաղաքական դաշինքներին հակակշիռներ ստեղծելու ուղղությամբ, պետք է արդիականացնենք մեր բանակը, զորահավաքային համակարգը, մեր ենթակառուցվածքները, քաղաքացիական պաշտպանության մակարդակը բերենք համապատասխան մակարդակի: Եթե այդ ամենը մեզ հաջողվի, գուցեև կարողանանք խուսափել պատերազմից: Պատերազմից խուսափելու բանալին մեր ձեռքում է»:

Արա Գասպարյանի համար հասկանալի չէ, թե ինչ է Փաշինյանը բանակցում Ալիևի հետ. «Մեկ ասաց՝ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ, հետո շարունակեց բանակցել, այսինքն՝ անհասկանալի է օրակարգը: Հիմա մադրիդյան սկզբունքները բանակցային սեղանի՞ն են, թե՞ հրաժարվել են դրանցից: Անորոշ տեղեկատվություն է շրջանառվում, և մինչև վերջ հասկանալի չէ, թե ինչի մասին են նրանք խոսում: Իսկ Փաշինյանի քաղաքականությունը՝ Արցախի Հանրապետության մասով, ուղղակի շատ վտանգավոր է: Փաշինյանը շարունակում է բաժանարար գծեր մտցնել հայության մեջ, հասարակությունը բաժանել սև ու սպիտակի, և այդ նույն տրամաբանությունը գործում է նաև Երևանի և Ստեփանակերտի միջև: Այսինքն՝ մենք փոխանակ միավորվենք, Երևանն ու Ստեփանակերտը գնան ինստիտուցիոնալ մերձեցման ճանապարհով, մենք տեսնում ենք քաղաքական հռետորաբանություն, որը չի նպաստում դրան, այլ ընդհակառակը՝ նոր բաժանարար գծեր է առաջացնում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս