«Սա նշանակում է, որ պարոն Նիկոլը մեր երկիրը տանում է անդունդ»

Հարցազրույց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը, և սպառնալիքներ ուղղել հայկական կողմին՝ ընդգծելով, որ մոտ ժամանակներս Ադրբեջանն իր «խոսքը» կասի կռվի դաշտում: Հայաստանի պաշտպանության նախարարն էլ ի պատասխան՝ ասաց, որ «Երազելը շատ լավ է»: Ի՞նչ սպասենք Արցախի հարցում:

– Նիկոլի բազմագույն հեղափոխությունը երկու բանի մասին էր. առաջինը՝ Ռուսաստանը հեռացնել Կովկասից, մասնավորապես՝ Հայաստանից, և մենք տեսնում ենք, որ աստիճանաբար Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ վատացնում է հայ-ռուսական հարաբերությունները: Գործիքը պետք է լինի Արցախը: Նիկոլ Փաշինյանը այս 1.5 տարվա ընթացքում բանակցային դիրքերում մեր առավելությունը զրոյացրել է: Բնականաբար, այդ չեզոքացումն ու նրա հայտարարությունները, որոնք հակասում են ՄԽ ձևաչափին, չառաջացնեն համանախագահ երկրների և նախ և առաջ՝ մեր տարածաշրջանում ամենամեծ դերակատարում ունեցող Ռուսաստանի դժգոհությունը: Տեսեք՝ նույն Մարիան Զախարովան հայտարարեց, որ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը զգացմունքային և ներքաղաքական շարժառիթներ ունեցող հայտարարություն էր: Սա նշանակում է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Փաշինյանին մեղադրում է պոպուլիզմի մեջ: Դա չի կարող համանախագահող երկրների, և առաջին հերթին՝ Ռուսաստանի, բացասական վերաբերմունքին չարժանանալ:

Երկրորդ՝ նա իր գործողություններով գրեթե հավասարվել է Ալիևին, և իր պրովոկացիաներով միգուցե անի ամեն ինչ, որ սկսվի որոշակի ռազմական էսկալացիա: Եթե ռազմական էսկալացիա եղավ, առանց զոհերի դա չի կարող ավարտվել: Դրան հետևելու է սորոսականների և գրանտակերների վայնասունը, որ ռուսի զենքով են մեզ սպանում, ինչո՞ւ ՀԱՊԿ-ն մեզ չի օգնում: Ըստ իրենց նպատակի՝ որոշակի տարածքներ կտան, մեղավորն ո՞վ է՝ նախկին իշխանությունն ու Ռուսաստանը:

– Բայց  այս իշխանությունները ձեզ են մեղադրում տարածքներ հանձնելու նպատակներ ունենալու մեջ:

– Մեր իշխանության լիդերը 800.000 հեկտար տարածք է ազատագրել: Իսկ ապրիլյան պատերազմի կորուստը 800 հեկտար չէ, այլ 440-450 հեկտար է: Այդ 800 հեկտարի մասին ասողը կարգին չգիտեր, թե ինչ է Արցախը, ազատագրված տարածքները: Երկրորդ՝ իրենք ո՞ւր են եղել: Ո՞ւր է եղել Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմին: Ապրիլի վերջին, մայիսի սկզբին չորրորդ գծում խրամա՞տ է փորել: Ապրիլյան պատերազմի օրերին միակ պատգամավորն եմ եղել՝ իմ ՀՀԿ և ՀՅԴ գործընկերների հետ, որ երեք երկրից եվրոպացի պատգամավոր եմ տարել առաջնագիծ: Ինքը ի՞նչ է արել: Կամ հիմա այս ընթացքում այդ 88 հոգով, գումարած Նիկոլը, թող մի նոր պատգամավորի ՌԴ-ից կամ Եվրոպայից համոզեն, տանեն Արցախ:

– Պարոն Շարմազանով, մի ճշտում՝ 800 հեկտարի մասին Սերժ Սարգսյանն էր հայտարարել:

– Այո, բայց երբ հայտարարել է, մարտական գործողությունները դեռ չէին ավարտվել: Նախ՝ Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, ամենաառաջինը հայտարարել էր Ժիրայր Սէֆիլյանը, դրան ինքնաթիռում պատասխանել է Սերժ Սարգսյանը: Բայց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հարցազրույցներից մեկում հստակ նշեց, որ դա ոչ թե 800, այլ 440-450 հեկտար էր: Ես որևէ մեկի կողմից հակափաստարկ պարոն Ջամալյանի փաստերին չեմ լսել: Իսկ պարոն Ջամալյանը երկար տարիներ եղել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը, մարդ է, որը շատ լավ ճանաչում և տիրապետում է առաջնագիծը:

– Այսինքն՝ Արցախի հարցում նոր իշխանությունները եկել են տարածքները զիջելո՞ւ:

– Այո: ԱՄՆ-ի դեսպան Միլսը հայտարարեց «տարածքներ՝ խաղաղության դիմաց» հայեցակարգի մասին: Փաշինյանը դրան պատասխանեց՝ հեռացող դեսպանի հայտարարություն է: Երկրորդ՝ պարոն Բոլթոնը եկավ Հայաստան և հայտարարեց, որ հայ ժողովուրդը և Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կարծրատիպերից. դա ո՞րն էր: Դա նախ և առաջ՝ Արցախն էր: Նիկոլ Փաշինյանը նորից դրան չանդրադարձավ, ավելին, ասաց՝ դա մեզ համար ձեռնտու հայտարարություն էր: Երրորդ՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում առ այսօր որևէ հրապարակային հայեցակարգ չի ներկայացրել: Նա իր ուսերից պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա:

– Հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

– Դա հիմար հայտարարություն էր: Դրան կանդրադառնամ: 2018թ. մայիսի 9-ին Փաշինյանը խոստացավ, որ Արցախը կվերադառնա բանակցությունների սեղան: Այսօր ոչ միայն դա տեղի չի ունեցել, այլ դրանից հետո հրապարակային Փաշինյանը չի հնչեցնում դրա մասին: Ինչի՞, Նիկոլ ջան, զադնի ես տվե՞լ, թե՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որը դեղին քարտ ու ապտակ էր քեզ, ասացին՝ խելոք նստի տեղդ, տեղ հասավ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների որևէ հայտարարություն մեր իշխանության օրոք հակահայկական չի եղել: Ավելին, եղել է երկու հասցեական հայտարարություն Ադրբեջանի դեմ: Հաջորդ՝ Նիկոլ Փաշինյանը մեր իշխանության Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնք մերժում է իրականացնել Ադրբեջանը, նշանակում է՝ դա ձեռնտու չի եղել Ադրբեջանին, այդ պայմանավորվածությունները փոխարինեց Դուշանբեի վերելակային պայմանավորվածությամբ, որի արդյունքում հիացած էր Ալիևի «կիրթ և նորմալ մարդ» լինելով, բայց դրան գումարած՝ 11.000 հեկտար նախիջևանյան հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ, ինչպես ասել է Իլհամ Ալիևը: Մեր կողմից Նիկոլը գոնե դրա մասին որևէ հակափաստարկ չի արել:

Եվ ամենակարևորը՝ հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ». Եթե այդ հայտարարությունն անի ընդդիմադիր կուսակցություն, ազատամարտիկների միություն, համահայկական կառույց, դա զգացմունքային, ողջունելի հայտարարություն է: Բայց երբ նման հայտարարություն անում է Արցախյան բանակցություններում Հայաստանի ղեկավար Փաշինյանը, ես իրեն հարց եմ ուղղում՝ այդ հայտարարությունն ուժեղացնո՞ւմ է Հայաստանի և Արցախի դիրքերը բանակցություններում, թե՞ ոչ:

Բա եթե ուժեղացնում է, ինչո՞ւ հետո քո արտգործնախարարը վախվորած համոզում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ հղում անելով Փաշինյանի մեկ այլ հայտարարության, որ՝ մենք պետք է հասնենք մի լուծման, որը ձեռնտու կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին:

Հիմա, այ ընկեր Նիկոլ, մի հատ կողմնորոշվի, այսինքն՝ դու ունես նման տվյալ, որ Ադրբեջանի ժողովուրդը, որին դու հղում ես անում և ասում, որ այդ հարցը պետք է լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդի համաձայնությամբ, կողմ է, որ «Արցախը Հայաստան է, և վե՞րջ»: Սա պոպուլիստական հայտարարություն է: Եթե այդքան դուխով տղա է, թող գնա Ախալքալաքի մեջտեղը կանգնի ու ասի՝ սա Հայաստան է, և վերջ, կամ՝ պատմական Հայաստանի մյուս վայրերում:

Հիմա այս ամենը օգո՞ւտ էր մեզ, թե՞ ոչ: Նիկոլն ասաց, որ մինչև ինքն Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացից: Արցախի ղեկավար Բակո Սահակյանն էլ քաղաքական ապտակ հասցրեց, ասաց՝ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները մեզ և՛ հանդիպումներից առաջ, և՛ հանդիպումներից հետո ամբողջական տեղեկատվություն են հաղորդել: Կարճ ասաց, որ Նիկոլը սուտասան է: Բա խի՞ ձենը կտրեց ու էլ էդ թեմայով չխոսեց: Փաշինյանը չունի հայեցակարգ, ու որևէ հարցում չունի: Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ իշխանության դիագնոզը տվել է իր սիրելի ԱԱԾ պետը, որ ջան-ջիգյար էին անում: Սա նշանակում է, որ պարոն Նիկոլը մեր երկիրը տանում է անդունդ, դրա համար անհրաժեշտ է համախմբում և արտահերթ ընտրությունների պահանջ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս