
«Էմմի». «Գահերի խաղի» ստեղծողները շնորհակալություն են հայտնել Ջորջ Մարտինին

«Լավագույն դրամատիկական սերիալ» կատեգորիայում մրցանակն ստանալուց հետո «Գահերի խաղի» ստեղծողները շնորհակալություն են հայտնել «Սառույցի եւ Կրակի երգը» հերոսապատումի հեղինակին՝ Ջորջ Մարտինին: Այդ մասին հայտնել է THR-ը:
«Այդ ամենն սկսվեց Ջորջ Մարտինի խելահեղ գլխում»,-նշել է շոուի սցենարիստ Դեւիդ Բենիոֆը, իսկ դրա համահեղինակ Դ.Բ.Ուայսը շնորհակալություն է հայտնել դերասաններին, ընդգծելով, որ նրանց հաջողվում էր բարելավել այն ամենը, ինչ գրվել էր:
«Պարզապես մենք միասին աշխատում ենք արդեն շատ երկար: Սա, գուցեեւ կլիշե է, բայց մենք արդեն դարձել ենք մի ընտանիք: Շատերը մեծացել են այդ շոուի ընթացքում, իսկ մյուսները՝ ծերացել: Մեզ համար ծանր է, որ այն արդեն ավարտվել է, եւ մենք այլեւս դրա վրա չենք աշխատելու նախկին կազմով, համենայն դեպս՝ առաջիկայում: Բայց լավ է, որ մենք բոլորս այստեղ ենք, եւ մենք անպայմ կնշենք հաղթանակը»,-կուլիսներից ասել է Բենիոֆը:
Արծարծելով այն, թե «Գահերի խաղը» արդյոք կմտնի պատմության մեջ, Ուայսը նշել է. «Դա մեծ հարցականի տակ է: Մենք չենք որոշողը, թե մարդիկ ինչ կմտածեն դրա մասին հետագայում: Հուսով եմ՝ սերիալը դեռ դիտելու են: Այժմ դժվար է ասել, թե դրան ինչպես կվերաբերվեն տասը, քսան կամ նույնիսկ հինգ տարի անց: Ամեն ինչ շատ արագ է փոխվում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: