Բաժիններ՝

Բացահայտվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին գլխի շրջանի հրազենային վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1991թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել են երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1988թ.:

Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, իր ծանոթի ավտոմեքենայով, գնացել է 27-ամյա երիտասարդի հետ հանդիպման և վրեժի շարժառիթով, իր պայուսակում պահվող որսորդական հրացանից կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ ու դիմել փախուստի:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդը նախօրեին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված ավտոմեքենայի վարորդը ևս հայտնաբերվել է: վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս