«Ընտրությունների ժամանակ պարզ կլինի՝ իջևանցիներն ուզո՞ւմ են նրան տեսնել քաղաքապետի պաշտոնում, թե՞ ոչ». Վահե Ղալումյանը՝ եղբոր՝ քաղաքապետ դառնալու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ իր եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, այս պահին Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է և դեկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ պարզ կլինի՝ իջևանցիներն ուզո՞ւմ են նրան տեսնել քաղաքապետի պաշտոնում, թե՞ ոչ։

«Կարծում եմ՝ եղբորս անձի հետ ընդհանուր տրամադրություններն Իջևանում դրական են, իմ եղբայրն է, չեմ ուզում շատ բան մեկնաբանել, ընտրությունների արդյունքները ցույց կտան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով եղբոր՝ Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու հանգամանքին։

Հիշեցնենք, որ Հայկ Ղալումյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերն ու կնքահայրն է։ Մինչև նախկին քաղաքապետի հրաժարականը, մամուլը գրել էր, որ վարչապետը ցանկանում է հայրենի Իջևան քաղաքում քաղաքապետ նշանակել մտերիմ ընկերոջը՝ Հայկ Ղալումյանին։ Այս լուրերից որոշ ժամանակ անց հրաժարական ներկայացրեց գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը, և քաղաքապետի ԺՊ նշանակվեց Հ. Ղալումյանը։

Հարցին, եթե Հ. Ղալումյանը վարչապետի կնքահայրն է, ընտրվելու դեպքում արժանահավա՞տ կլինեն ընտրության արդյունքները, Վահե Ղալումյանը պատասխանեց՝ եթե հանրությունը հավաստի չընկալի, ապա չի ընտրի, և ընտրություններից հետո այդ դիտարկումը հիմքեր չի ունենա։

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և դրա հետ կապված՝ իշխող կուսակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի գրառմանը, թե իրենց դեմ խաղ չկա, Վահե Ղալումյանն ասաց, որ մասնագիտությամբ իրավաբան չէ, սակայն այն գործընթացը, որը սկսվել է ԱԺ-ում՝ բոլոր իրավական հիմքերն ունի, և հետագա բոլոր գործողությունները ցույց կտան, թե այն ինչ ընթացք կունենա։

«Եթե այդ պատգամավորը, այդ քաղաքական ուժը ժողովրդի կողմից ոչ վաղ անցյալում ստացել է 70 տոկոսից ավելի ձայն, գրառման տոնայնության հետ, հնարավոր է, համապատասխանություն չլինի, բայց այդ քաղաքական ուժի հնարավորությունները մեծ են»,- եզրափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս