
Լոնդոնը պատրաստ է դաշնակիցների հետ մասնակցել Թեհրանի դեմ ուղղված պատասխան քայլերին. Ջոնսոն

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը գտնում է, որ Իրանը պատասխանատվություն է կրում Սաուդյան Արաբիայի օբյեկտներին հասցված հարվածների համար, եւ նշել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի եւ եվրոպական դաշնակիցների հետ աշխատել Թեհրանի գործողություններին պատասխանելու նպատակով: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը բրիտանական կաբինետի ղեկավարը լրագրողներին հայտարարել է ինքնաթիռում՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 74-րդ նստաշրջանին։
«Մեծ Բրիտանիան գտնում է, որ Իրանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում Saudi Aramco ազգային նավթընկերության օբյեկտների վրա կատարված գրոհների համար,-ասել է Ջոնսոնը:-Մենք մեր ամերիկացի եւ եվրոպացի ընկերների հետ աշխատելու ենք պատասխան տալ այդօրինակ գործողություններին՝ Պարսից ծոցում լարվածության ապաէսկալացման նպատակով»:
«Ակներեւ է, որ եթե Սաուդյան Արաբիան կամ Վաշինգտոնը դիմեն մեզ, ապա մենք կքննարկենք, թե ինչ կերպ կկարողանանք օգուտ բերել»,- հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: