«Եվդոկիմով շոու» պարային թատերականացված ներկայացումը կհանձնվի երևանյան հանդիսատեսի դատին
«Եվդոկիմով շոու» պարոդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար շոումեն Անատոլի Եվդոկիմովն իր թատերախմբով հանդես կգա Երևանում: Արտիստը կներկայանա բազմաթիվ կերպարներով` փորձելով զարմացնել ներկաներին:
Ա. Եվդոկիմովը նոյեմբերի 15-ին ելույթ կունենա Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, այնուհետև` «Գալերեա» ակումբում:
«Եվդոկիմով շոու»-ի ընթացքում նաև ճանաչված մարդկանց նմանակումներ են կատարվում: Նմանակումների հայտնի շոուն արդեն նվաճել է եվրոպացիներին ու ամերիկացիների սրտերը:
Շոուն ներառում է ութ վառ ծրագիր-ներկայացում՝ Գեթսբի, Դիսկո, Կինո, Տարվա երգ, Հելոուին կամ ուրբաթ 13, Հեքիաթներ, Դիվաս ոճերում (յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ` առանց դադարի):
Անատոլի Եվդոկիմովի ստեղծագործական կենսագրությունը սկսվել է մինչ սեփական շոու հիմնելը: Նրա առաջին ելույթները մոնաներկայացումներ են եղել. բեմում մարմնավորել է այնպիսի հանրահայտ երգչուհիների, ինչպիսիք են, օրինակ, Թոնի Բրեքսթոնը, Ուիթնի Հյուսթոնը, Թինա Թյորները, որոնց ձայները հիացնում են միլիոնավոր մարդկանց: Այնուհետև նա եղել է «Фабрика Грез» կոլեկտիվի մենակատարը: Չորս տարի առաջ Անատոլին ստեղծել է շոու, որում նա ոչ միայն մենակատար է, այլև՝ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, ոճաբան և կոստյումների դիզայներ: Սկզբում նա չէր էլ ենթադրում, որ նմանակելու է, օրինակ, Մաշա Ռասպուտինային, սակայն վերջինիս կերպավորելուց հետո հայտնվեցին Պյեխան, Գուրչենկոն, Ռոտարուն:
Այդպես ծնվեցին «Divas show» և «Песня года» ծրագրերը: «Ես երկար եմ աշխատում յուրաքանչյուր կերպարի վրա, դիտում եմ տեսագրությունները, փորձարկում, առանձնացնում բնորոշ շարժումները: Կան շատ էմոցիոնալ և ինքնատիպ արտիստներ (օրինակ՝ Թինա Թյորները), որոնց առանձնահատկությունները հեշտ է նկատել: Բայց կան նաև այնպիսիները, որոնց ներկայացնելը դյուրին չէ: Ստիպված ես լինում գտնել նուրբ երանգներ: Իսկ ամենամեծ հաճոյախոսությունը լինում է այն, որ համերգից հետո հանդիսատեսը մոտենում և շնորհակալություն է հայտնում սեփական աչքերով Ուիթնի Հյուսթոնին, Էդիթ Պիաֆին, Մադոննային, Էդիտա Պյեխային ու Սոֆիա Ռոտարուին տեսնելու համար»,-ասում է Անատոլին:
Անատոլի Եվդոկիմովի շոուն համարձակորեն կարելի է անվանել Ռուսաստանում ամենաթանկերից մեկը, քանզի դրանում օգտագործվում են ձեռագործ հանդերձանք, հատուկ շոուի համար մշակված ինքնատիպ կոստյումներ, անհամար քանակությամբ բյուրեղներ և, որ ամենակարևորն է, բեմում հավերժ երիտասարդ կանայք են: