Metallicа-ն ճանաչվել է հյուրախաղերից առավել մեծ գումար վաստակած խումբը
Metallicа-ն ճանաչվել է այն խումբը, որը հյուրախաղերի ընթացքում ռեկորդային գումար է վաստակել համերգների տոմսերի վաճառքից: Այդ մասին հայտնել է NME-ն: Pollstar-ի նոր հետազոտության տվյալներով՝ երաժիշտները տոմսերի վաճառքից 1,4 մլրդ դոլար են վաստակել 1982 թվականից ի վեր:
Այս ցուցանիշով նրանք առաջ են անցել Guns N’ Roses-ից եւ AC/DC-ից: Ընդհանուր առմամբ կոլեկտիվը վաճառել է իր շոուների 22,1 մլն տոմս: Բացի այդ, պարզվել է, որ Metallicа-ն այցելել է բոլոր մայր ցամաքների 48 երկիր: Ոչ բոլոր խմբերը կարող են պարծենալ նման ձեռքբերումներով: Թմբկահար Լարս Ուլրիխը կարծում է, որ իրենց հաջողությունը պայմանավորված է բարձրակարգ երաժշտությամբ. «Ես առաջվա պես կարծում եմ, որ մեր լավագույն տարիները դեռ առջեւում են, եւ մեր լավագույն երգը դեռեւս չի ձայնագրվել»: Այժմ խումբը գտնվում է WorldWired անվանումը կրող շրջագայության մեջ, արդեն վաճառվել է 430 մլն դոլարի 4,1 մլն տոմս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: