Բաժիններ՝

Tinder-ը նկարահանել է իր առաջին սերիալը

 Առցանց ծանոթությունների Tinder ծառայությունը նկարահանել է իր սեփական սերիալը: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, սա դարձել է իր տեսակոնտենտի ստեղծման ուղղությամբ ընկերության արած առաջին քայլը։

«Ապոկալիպսիսային սյուժետային գիծ ունեցող բազմասերիանոց շոուն զարգանում է հարաբերությունների պատմության ֆոնին, բայց այդ ամենն ուղղակիորեն կապված չէ Tinder-ի հիմնական գործունեության հետ»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ սերիալը նկարահանվել է Մեխիկոյում անցած օգոստոսի վերջին: Շոուի պրեմիերայի ժամկետների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Ինչպես նշում է գործակալությունը, սերիալների ստեղծումը Tinder-ի նոր ռազմավարության բաղկացուցիչ մասն է, որն ընկերությունը կհրապարակի մոտ ապագայում: Խնդրին ծանոթ աղբյուրի խոսքով՝ սերիալի նկարահանումներն առաջին քայլն է հեղինակային տեսակոնտենտի համար առցանց հարթակի ստեղծման ճանապարհին:

Այդ որոշումն օրինաչափ է, քանի որ հավելվածի սեփականատեր Match ընկերությունն InterActiveCorp (IAC)-ի մաժորիտար սեփականությունն է, որը հիմնվել է Paramount Pictures կինոստուդիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Բարրի Դիլերի կողմից: Reuters-ը հիշեցնում է, որ 2018 թվականի հոկտեմբերին Tinder-ը գործարկել է Swipe Life անվանումը կրող իր կայքը՝ ծանոթությունների եւ հարաբերությունների մասին հոդվածներ ու տեսանյութեր հրապարակելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս