«Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար»․ Լուկիանով
«Գուցե որոշ հարցերի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների դիրքորոշումները տարբերվում են, բայց պետությունների միջև համագործակցությունը պահպանվում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրակարգին։
Հիշեցնենք, որ այս օրերին մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի սկզբին Երևան կատարելիք այցի օրակարգի շուրջ։ Ըստ որոշ աղբյուրների՝ հնարավոր է՝ Երևանում չկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում, որի վերաբերյալ հայկական կողմի առաջարկը ՌԴ-ն մերժել է։
Խոսելով տեղեկություններից, թե հնարավոր է՝ Երևանում չկայանա Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում՝ հայ-ռուսական տարաձայնությունների պատճառով, Լուկիանովն ասաց, որ ՌԴ նախագահի օրակարգի զբաղվածությունը թույլ չի տալիս որևէ սցենար բացառել։
Ըստ նրա՝ սովորաբար նման միջոցառումների առիթն օգտագործվում է երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով։
«Սովորաբար շատ անկանխատեսելի է նախագահի այցի օրակարգը։ Եթե հիշում եք, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ առավելապես հանդիպել է նման միջոցառումների առիթով, որի պարագայում երկկողմ օրակարգն այդքան էլ խորությամբ չի քննարկվում, սակայն կարևոր է ռազմավարական գործընկերների միջև անընդհատ մտքերի փոխանակությունը պահպանելու նպատակով, քանի որ տեսնում ենք, որ մեր հարաբերություններում բազմաբնույթ խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ իրավական, գազի գների և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունների հետ կապված, որոնք անընդհատ երկխոսություն են պահանջում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով»,- ասաց Լուկիանովը։
Նրա կարծիքով՝ նման հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար։
«Սակայն չի բացառվում, որ չկայացման պատճառը նաև տեխնիկական լինի և ոչ քաղաքական։ Թեև յուրաքանչյուր պարագայում դա կլինի բացասական փաստ, քանի որ հանդիպումների, հատկապես՝ ներկայումս, երբ հարաբերություններում միտումների վերաբերյալ բացասական կարծիքներն ավելի շատ են։ Իրականությունը, սակայն, այն է, որ գուցե որոշ հարցերի վերաբերյալ երկու երկրների ղեկավարների դիրքորոշումները տարբերվում են, բայց պետությունների միջև համագործակցությունը պահպանվում է: Սակայն այն խնդիրը, որը մատնանշեցի, ունենում է իր ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա։ Ռուսական կողմն այսօր ծանրակշիռ դիրքորոշում է որդեգրել՝ չմիջամտելով որևէ զարգացման և որոշման՝ Հայաստանն ազատ է կառուցել իր արտաքին և ներքին հարաբերություններն այնպես, ինչպես ցանկանում է»,- ասաց նա։