ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը և գործընկերության խորացումը։ Երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և կարևորվեց առկա ներուժի լիրաժեք օգտագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի շարունակական ջանքերը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում։
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերված հետևողականության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։