«Քոչարյանի ազատազրկման հարցը վարույթ ընդունելուց հետո Աննա Դանիբեկյանը որոշում է ընդունել իր կաբինետում». Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի ազատազրկման հարցը վարույթ ընդունելուց հետո Աննա Դանիբեկյանը որոշում է ընդունել իր կաբինետում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Ըստ նրա՝ Աննա Դանիբեկյանն արել է մի բան, ինչի իրավունքը չուներ, որն էլ կարող է հիմք հանդիսանալ նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու:

«Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու հիմքերը շատ են, բայց հիմա կնշեմ մեկը: Պարոն Քոչարյանի ազատազրկման հարցը վարույթ ընդունելուց հետո Աննա Դանիբեկյանը որոշում է ընդունել իր կաբինետում, այսինքն՝ չի եղել դատական նիստ, ինչպես Դավիթ Գրիգորյանի դեպքում էր: ՍԴ-ն մեկ այլ գործով արձանագրել է, որ հնարավոր է՝ անձի ազատության մեջ գտնվելու հարցը քննվի առանց անձին լսելու, հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին: Արդեն երկրորդ դեպքն ունենք, որ Աննա Դանիբեկյանը, մեր կարծիքով՝ ընդունում է որոշումներ, որով խախտում կամ սխալ է մեկնաբանում Սահմանադրական դատարանի սև-սպիտակի վրա գրված որոշումները»:

Այսօրվա դատական նիստին անդրադառնալով՝ փաստաբանը նշեց, որ դատավորի հրապարակած տեքստից հստակ չէ՝ իրենք անդրադարձե՞լ են գրավի միջնորդությանը, թե՞ ոչ:

«Դատարանի այսօրվա հրապարակումից պարզ չէր՝ դատավորը գրավի միջնորդությանն անդրադարձե՞լ է, թե՞ ոչ, քանի որ երկու միջնորդություն էր ներկայացված. Մեկը՝ գրավինը, մեկն էլ՝ այլընտրանքային խափանման միջոց, օրինակ՝ ստորագրությունը: Դատարանի վճռում, որը նա ընթերցեց, ասված էր՝ «մերժել միջնորդությունը», կարող ենք հասկանալ, որ եզակի-հոգնակի փոխարինելի են, բայց այս պահին պարզ չէ, թե հատկապես ինչն է մերժել դատարանը: Ենթադրում եմ, որ երկուսն էլ մերժել է, բայց մինչև որոշումը չտեսնենք՝ ոչինչ ասել չենք կարող»:

Ինչ վերաբերում է դատարանի կայացրած նախորդ որոշման հիմքերին՝ Արամ Օրբելյանն ասաց, որ դատարանը գտել էր՝ ՍԴ-ի որոշումը վերաբերելի չէ իրենց գործին, ինչի հետ պաշտպանական խումբը համաձայն չէ.

«Չի կարող Ռոբերտ Քոչարյանի անհատական դիմումով Սահմանադրական դատարանն արձանագրել Սահմանադրության 27-րդ հոդվածի խախտում, և դա վերաբերելի չլինի նույն գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի ազատազրկմանը»:

Հիշեցնենք նաև՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դիմել է ԲԴԽ՝ ստանալու համար այն դատավորների անվանացուցակը, ում նրանք համարում են «պատի տակ վնգստացողներ»: Ուզում են իմանալ ՝ Աննա Դանիբեկյանը կա՞ այդ ցուցակում, թե՞ ոչ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս