
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անհրաժեշտ չէր համարել խոսելու ՍԴ-ից, ԱԺ նախագահ դառնալուց հետո դրա անհրաժեշտությունը տեսել է

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ մեկ տարի առաջ, երբ ինքը առաջին փոխվարչապետն էր, չի տեսել անհրաժեշտություն ՍԴ-ի շուրջ գործընթաց սկսելու համար, իսկ մեկ տարի անց՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո, տեսել է այդ անհրաժեշտությունը։
«Իմ ելույթում հանգամանալից անդրադարձել եմ, թե ինչից ելնելով եմ անհրաժեշտ համարում, որ Ազգային ժողովն իր դիրքորոշումը հայտնի ՍԴ-ում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»,- նշեց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ «Իմ քայլը» խմբակցության սկսած գործողություններին։
Նա դժվարացավ կանխատեսել, թե այդ գործընթացն ինչ ելք կունենա, միայն վստահեցրեց, որ որպես ԱԺ նախագահ՝ անհրաժեշտ է համարել խոսելու ՍԴ-ի մասին, և «Իմ քայլը» խմբակցությունը, որպես խորհրդարանական մեծամասնություն, անհրաժեշտ է համարել ներկայացնելու որոշման նախագիծ։
Հարցին՝ եթե նախագծից հետո Հրայր Թովմասյանը շարունակի պաշտոնավարել, ո՞րն է լինելու իր հետագա քայլը, Արարատ Միրզոյանը պատասխանեց.
«Եկեք սպասենք, տեսնեք ԱԺ-ն այս որոշումն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, գնում է ՍԴ՝ ի՞նչ վերաբերմունքի է արժանանում, այնուհետև այդ մասին կխոսենք»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։
Զվարթ Խաչատրյան