«Ես, որ Հայաստանը դեպի անկախություն տանելու պայքարն եմ առաջնորդել, չեմ ասել՝ «մերժի՛ր Սովետին», ասել եմ, որ մեզ պետք է անկախ Հայաստան»
«Շատ տխուր է, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ չգիտեն, թե ի՞նչ է նշանակում՝ իրավական, ի՞նչը՝ օրինական: Այստեղ մեկ այլ խնդիր կա. ցավոք, երբեմն իշխանություններն աշխարհում անցնում են մի սահման, որից հետո իրենք պետք է կամ հրաժարական տան, կամ պետք է դիկտատորներ դառնան: Ես չէի ցանկանա, որ Հայաստանն այդ իրավիճակում հայտնվեր: Մենք մեկ բան պետք է արձանագրենք. այսօրվա իշխանություններն իշխանության են եկել՝ մերժելով. նրանք իշխանության չեն եկել որոշակի ծրագիր ներկայացնելով: Միակ բանը, որ մեզանից «պլեճ» են արել, դա այն է, որ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Բայց իրենք նախաձեռնության ընթացքում խոսում էին մեկ բանի մասին՝ «մերժի՛ր Սերժին»: Ես, որ Հայաստանը դեպի անկախություն տանելու պայքարն եմ առաջնորդել, չեմ ասել՝ «մերժի՛ր Սովետին», ասել եմ, որ մեզ պետք է անկախ Հայաստան: Սրանք Սերժին մերժելուց հետո շփանալով՝ ընթացիկ ծրագրեր են հնարում: Հիմա վարչապետը գնալու է ԱՄՆ, իսկ ամերիկահայերին խոստացել էր, որ բոլոր հայերը պետք է մասնակցեն ՀՀ ներքաղաքական կյանքին, բայց մինչև այս պահը դեռևս դրսում ապրող ՀՀ քաղաքացիներն իրենց իրավունքը չեն վերստացել: 1.5 տարվա ընթացքում Ընտրական օրենսգրքի մեջ երկու տող պետք է փոխվեր՝ ՀՀ ընտրություններին մասնակցում են Հայաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում:
Սա չեն արել, բայց անամոթաբար գնում է ներկայանալու, ասելու՝ ես նաև ձեր վարչապետն եմ: Սրանք ասպարեզ են իջել առանց ծրագրերի, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուղղակի հայտարարեց, թե՝ ծրագիրն ի՞նչ կապ ունի, կարևորը, որ մարդկանց համար լավ լինի: Սա էլ նույն ոգով իշխանության գալուց հետո ծրագրեր է մոգոնում, իսկ նախքան իշխանությունն արված ծրագրային հայտարարություններից հրաժարվում է: Հրաժարվեց նրանից, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ լինել չի կարող, իրեն գաղտնի ինչ-որ փաստաթուղթ են ցույց տվել, հրաժարվեց նրանից, որ Սերժի հագով կարված Սահմանադրություն է, ու սա մեզ պետք չէ, հրաժարվեց ԸՕ-ում փոփոխություններ կատարելու խոստումից:
Վաղը, երբ Հայաստանը կլինի արդար երկիր, չէի ցանկանա, բայց այսօրվա իշխանությունները կանգնելու են պատասխանատվության առջև՝ դատարանների վրա գրոհ կազմակերպելու համար: Պատասխանատվության առջև են կանգնելու՝ իշխանությունը զավթելու համար, որովհետև, երբ վարչապետի պաշտոնակատարը, ով դնում է թեկնածություն, որպեսզի վարչապետ ընտրվի, և չի ընտրվում, բայց դրանից հետո աշխատում է վարչապետի պաշտոնակատար, դա իշխանության զավթում է»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը:
Անի Կարապետյան