«Երկու օր առաջ եմ Ծառուկյանին հանդիպել, նման բան չկա». ԲՀԿ պատգամավորը՝ Վանեցյանի՝ կուսակցական դառնալու մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի հետ անձամբ որևէ մտերմություն չի ունեցել, հարկ եղած դեպքում նույնիսկ քննադատել է Օսիպյանին։
«Մեր երկրի համար Արթուր Վանեցյանը, որպես այդպիսի պաշտոն զբաղեցնող անձ, վատ չի կատարել իր պարտականությունները։ Օրինակ՝ հրաժարականներ կան, որոնց համար ես ափսոսանք եմ ապրում, դրանցից մեկն ինձ համար Վանեցյանի հրաժարականն էր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գ. Պետրոսյանը։
Նրա բնորոշմամբ՝ Արթուր Վանեցյանը թողել է սրտացավ մարդու տպավորություն, և չի կարող այն մարդկանց նման քարկոծել Վանեցյանին, որոնք ժամանակին նրան տեսնելիս՝ պատերի տակով են ման եկել։
Նա դժվարացավ ասել, թե ինչ շարժառիթ է եղել, որ Վանեցյանը հրաժարական է տվել, և շտապել դրա վերաբերյալ կարծիք հայտնել։ «Ինձ համար առնվազն ափսոսանք հարուցեց Վանեցյանի հրաժարականը։ Հրաժարականը նման մարդու համար չի կարող լինել այնպես, որ որոշեց ու արեց, բայց չեմ ուզում գուշակությամբ զբաղվել»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։
Անդրադառնալով խոսակցություններին, որ Արթուր Վանեցյանը, հնարավոր է, համալրի ԲՀԿ-ի շարքերը, Գ. Պետրոսյանն ընդգծեց, որ շատ խոսակցություններ կարող են լինել։
«Մեր կուսակցությունը կարագի հերթ կանգնած մարդկանց չի միավորում, որ ով ուզի՝ կարող է համալրել։ Ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է համալրել մեր շարքերը, պետք է ընդունի մեր գաղափարախոսությունը։ Մեր կուսակցություն մուտք գործելը քաղաքացու իրավունքն է, բայց այնպես է, որ այդ իրավունքը մեր կուսակցության կողմից գնահատվում է։ Իհարկե, եթե մարդը հայրենանվեր մարդ է, ցանկալի է՝ համալրի մեր շարքերը, բայց կանգնել-ասել, որ՝ ուզում ենք Վանեցյանը գա, դա իմ ասելիքը չէ»,- նշեց նա։
Նա նաև վստահեցրեց, որ երկու օր առաջ է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ, և Վանեցյանի հարցը կուսակցության ներսում չի քննարկվել։
Զվարթ Խաչատրյան