Ջո Բայդենն ԱՄՆ-ին կոչ է արել հաստատել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին (ANCA), նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ արտահայտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մենք երբեք չպետք է մոռանանք ու լռենք այն սարսափելի իրողության մասին, որը հանգեցրեց 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 մլն հայերի զանգվածային տեղահանման` իրեն տներից: Եթե մենք չճանաչենք այն ամբողջովին, չհիշենք և մեր երեխաներին չփոխանցենք, «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց նշանակությունը: Ցեղասպանության փաստը հիշել չկարողանալն ու չընդունելը միայն նոր ուղիներ է բացում ապագայում զանգվածային չարագործությունների համար»,- գրել է Բայդենը:

ԱՄՆ նախկին փոխնախագահ և սենատոր Ջո Բայդենը մշտապես իր դիրքորոշումն է արտահայտել Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս