«Արդեն կարևոր էլ չէ` Ադրբեջանը կարգավիճակ կստանա՞ ՀԱՊԿ-ում, թե՞ ոչ». փորձագետ

Դեռ լիովին չեն փարատվել վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն շրջանառվող մտահոգությունները ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր կարգավիճակի թեմայի շուրջ, չեն մոռացվել ոչ վաղ անցյալում ծավալված աղմկոտ տարաձայնությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության և նշանակման հարցերի շուրջ, երբ տեղեկություն է տարածվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որը 2020 թվականի հունվարի 1-ին պետք է ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Հարկ է նշել, որ նույն օրն Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին արած հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», սպառնացել է ՀՀ վարչապետին, որ Ադրբեջանն այդ հայտարարությանը կպատասխանի մարտի դաշտում, և դա կլինի առաջիկայում:

Ուշագրավն այն է, որ ՀԱՊԿ-ում ամիսներ շարունակ երկարաձգվող գլխավոր քարտուղարի նշանակման կարգի շուրջ տարաձայնություններն ու ինտրիգները վերացան միայն վերջերս, երբ հայկական կողմը, ինչպես ավելի վաղ՝ ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրները, հավանություն տվեցին Զասի թեկնածությանը գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հաշվի առնելով բելառուսաադրբեջանական, ղազախաադրբեջանական, ռուս-ադրբեջանական սերտ կապերը ռազմաքաղաքական ոլորտում, ինչպես նաև Բելառուսի ցանկությունը՝ ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը սահմանված ժամկետից շուտ, ՀԱՊԿ-ում չկանոնակարգված հարաբերությունների «մշակույթը», Հայաստանում մտահոգություններ կային ՀԱՊԿ-ում դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ սահմանելու փոփոխությունների առնչությամբ, որոնք կարող են հնարավոր դարձնել Ադրբեջանի թեկնածության դիտարկումը նման կարգավիճակի շնորհման հարցում:

Սակայն, ինչպես հայկական կողմը՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի, այնպես էլ ՀԱՊԿ-ը՝ գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովի մակարդակով հստակեցրեցին, ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են հավաքական կերպով: Չնայած ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովն իր հերթին՝ նշել էր, թե Ռուսաստանը ողջունելու է հետսովետական բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հայտը՝ կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ-ում: Եվ, ըստ մի շարք գործիչների, կուլիսային գործարքներ այս հարցի շուրջ բացառել պետք չէ, քանի որ հեռու անցյալում չեն Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինության վտանգավոր վաճառքները, որոնց հետևանքով Ադրբեջանում հայտնվող սպառազինությունը պետք է ուղղվի ՀԱՊԿ-ում Ռուսաստանի և Բելառուսի գործընկեր Հայաստանի դեմ, որի հանդեպ այս երկրները պարտավորություններ ունեն: Եվ այս բարդ հարաբերությունների ու ՀԱՊԿ-ում առկա խնդրահարույց քննարկումների ֆոնին անդամ երկրների ղեկավարների համաձայնությունը ստանալուց հետո ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը «շտապում է» նաև Ադրբեջան՝ ըստ էության տպավորություն թողնելով, թե համաձայնություն է ակնկալում նաև Ադրբեջանից, որը փաստացի որևէ կարգավիճակ չունի և, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, չի կարող ունենալ ՀԱՊԿ-ում:

Մեզ հետ զրույցում եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանն ասաց, որ ՀԱՊԿ-ում նման կառույցին ոչ բնորոշ բնույթի հարաբերությունները շարունակվելու են, քանի որ ՀԱՊԿ Կանոնադրությունը, որին հաճախ են հղում անում անդամ երկրները, հաշվի չի առնվում, ժամանակ առ ժամանակ ոտնահարվում է, քանի որ ՀԱՊԿ-ը կարելի է որակել ոչ թե՝ որպես անդամ բոլոր երկրների շահերի վրա հիմնված կառույց, այլ՝ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների և Ռուսաստանի ռազմական հարաբերությունների վրա հիմնված կառույց, որից դուրս իրենց պարտավորություններն անդամ երկրները չեն գիտակցում ու չեն պահպանում:  Ըստ նրա՝ հույս չպետք է ունենալ, թե սա ինչ-որ պահի կարող է փոխվել:

«Հայկական կողմն ընդդիմացավ, որպեսզի քարտուղար նշանակվի ժամկետից շուտ, բնականաբար, սա մի հարց էր, որտեղ առանց Հայաստանի՝ հնարավոր չէր որոշման կայացում, սակայն մի շարք այլ դեպքերում, երբ հնարավոր է, ՀԱՊԿ անդամ երկրները խուսափում են կոլեկտիվ գործողություններից, պատասխանատվությունից, քանի որ չկան նաև կոլեկտիվ շահեր: Կան շահեր Ռուսաստանի հետ, և Ռուսաստանը կարողանում է միայն ինչ-որ կերպ համադրելով սեփական շահերը, ըստ իրավիճակի անհրաժեշտության՝ ՀԱՊԿ-ում ուղղորդել և փոքր-ինչ վերահսկել ավելի լայն գործընթացները: Բելառուսն Ադրբեջանի հետ հարաբերությունների լուրջ բովանդակություն ունի և դա իրականացնելու է՝ անկախ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունից:

Դա վերաբերում է մյուս երկրներին ևս: Հայաստանի խնդիրն այս իրավիճակում իր շահերը պաշտպանելն է, ՀԱՊԿ անդամի իրավունքները հնարավորինս արդյունավետ կիրառելն ու առաջ մղելը:

ՀԱՊԿ-ի նշանակությունը գերագնահատել պետք չէ, այս կառույցն իր սկզբնական նպատակին չի ծառայում նույնիսկ Ռուսաստանի Դաշնության համար, ուստի այն համոզմանն եմ, որ կառույցում խնդիրներ տեսնում է նույնիսկ Ռուսաստանը, և դրանք լուծելու փորձերը կարող են ստեղծել փակուղային իրավիճակ, որը Ռուսաստանը չի ցանկանում, քանի որ, ի դեմս ՀԱՊԿ-ի՝ ցանկացել է ձևավորել լուրջ ռազմական կառույց: Հայաստանը պետք է ցանկանա զուգահեռաբար ակտիվացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ, որը ներկայումս էլ շատ հարցերում օգտակար է Հայաստանի համար, Հայաստանը կարող է էլ ավելի ակտիվ օգտվել այն հնարավորություններից, որոնք գործընկեր երկրներին տալիս է ՆԱՏՕ-ն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում շուրջ մեկ տարի շարունակվող տարաձայնությունները և Հայաստանի կողմից խնդիրների վերհանումն ըստ էության մեծ արդյունքների չհանգեցրին կառույցում, բացառությամբ սահմանված ժամկետում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման: «Ինչպես ասացի, կան հարցեր, որոնք ամրագրվում են Կանոնադրության մեջ կամ չեն ամրագրվում, սակայն գործընկերները, ելնելով ընդհանուր շահերից, միմյանց դեմ քայլեր չեն անում: Բայց այս դեպքում կան ավելի հզոր շահեր: Եվ շնորհիվ իր երկկողմ կապերի՝ ադրբեջանական թեման անընդհատ շրջաանառվում է, շրջանառվելու է, և այստեղ կարևոր էլ չէ, թե կստանա՞ արդյոք Ադրբեջանը կարգավիճակ ՀԱՊԿ-ում, թե՞ ոչ»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս