«Գուցե ճշտենք, թե ինչո՞վ է Բրայզան զբաղվում, կարող է՝ իր համար ավելի հարմար զբաղմունք կա». Վարչապետը՝ Բրայզայի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ Համահայկական խաղերի բացման ժամանակ իր արած հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել:
«Օգոստոսի 5-ին արած հայտարարությունը հաջորդել էր Ստեփանակերտում մարտի 12-ի հայտարարությանը: Այնտեղ ես ասել էի հետևյալը, որ մենք պետք է ստանանք պարզաբանումներ, թե ի՞նչ են նշանակում «Մադրիդյան սկզբունքները», այսինքն՝ որն է այդ սկզբունքների ընձեռած հնարավորությունների ամպլիտուդը, մասնավորապես՝՝ Արցախի կարգավիճակի առումով: Դրանից հետո մենք կարող ենք ասել՝ այդ սկզբունքները մեզ համար ընդունելի՞ են, թե՞ ոչ»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Մեյթյու Բրայզան Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին, մասնավորապես, պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն՝ ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ: Բաքուն շա՜տ է ուզում առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի, կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»:
Ըստ վարչապետի՝ ինքը հայտարարել է, որ Արցախի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
«Ես եղել եմ ՀՀ առաջին ղեկավարը, որը խոսել է Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելության մասին, դրա համար էլ արժանացել եմ քննադատությունների, ես նաև ուղիղ ասել եմ, որ համանման հայտարարություն ակնկալում եմ նաև Ադրբեջանի նախագահի կողմից: Իմ այդ հայտարարությունից անցել է 1, 5 տարի, սակայն Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն չի արել: Փոխարենն ասել է, որ Արցախի հարցը կարող է լուծվել մեկ սկզբունքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումների ընթացքում, ոչ պաշտոնական, եղել է, որ բանակցություններ ենթադրում են, որ Արցախի կարգավիճակը կարող է լինել տարբեր՝ ընդհուպ Ադրբեջանի կազմից դուրս, և այլն»,- շեշտեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ, եթե այս ամենի կոնտեքստում Ադրբեջանը սպասում է, որ Արցախի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այն իմաստով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ապա այդ ամբողջի համատեքստում կարող են արձանագրել, որ, եթե իրենց սկզբունքն այդպիսին է, ապա հայկական կողմի դիրքորոշումն էլ պետք է լինի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:
Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե Բրայզան այժմ ի՞նչ է աշխատում:
«Գուցե ճշտենք, թե ինչո՞վ է Բրայզան զբաղվում, կարող է՝ իր համար ավելի հարմար զբաղմունք կա, որովհետև մինչև ինքը համանախագահ էր, շատ ջրեր են հոսել, նա համոզվա՞ծ է, որ ամեն ինչին լավ տիրապետում է: Օրինակ, ես համոզված չեմ, որ նա ամեն ինչին բավարար չափով տիրապետում է»,- եզրափակեց նա:
Զվարթ Խաչատրյան