«Մարզանի» լրագրության միջազգային մրցանակն Իտալիայից կգա Հայաստան. կպարգևատրվի «Արմենպրես»-ի տնօրենը
Արդեն 12 տարի Եվրո-միջերկրական համագոծակցության խորհուրդը Իտալիայի Բենևենտո քաղաքում կազմակերպում է «Ստեղծագործ միտք» փառատոնը՝ շնորհելու «Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակը և գնահատելու աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող, ստեղծագործ մտքի տեր անձանց, որոնց գործը համամարդկային արժեք ունի և իրենց աշխատանքը նվիրել են մարդկանց ճշմարիտը ներկայացնելուն:
«Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակին այս տարի, ի թիվս այլ գործիչների, կարժանանա նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Միջոցառումը կազմակերպվում է Իտալիայի Պատգամավորների պալատի, Սենատի և Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո՝ Բենևենտոյի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Փառատոնին մասնակցում են պետական, քաղաքական և հասարակական գործիչներ՝ ինչպես Իտալիայից, այնպես էլ եվրոպական տարբեր երկրներից, ներկա կլինի Իտալիայի Եվրոպական հարցերի նախարարը:
Սեպտեմբերի 14-ին և 15-ին կանցկացվեն հանդիպումներ եւ բաց քննարկումներ Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկիրների ապագայի մասին, որոնց կմասնակցեն պարգևատրվողները:
«Արմենպրես»-ի տնօրենին պարգևը տրվում է՝ մեկդարյա պատմությամբ գործակալությունն արդյունավետ առաջնորդելու, հայկական հարցի ու հումանիտար խնդիրների բարձրաձայնման խիզախ հանձնառության համար: Պարգևի կարժանանա «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ հայկական սփյուռքում ավելի քան 80 տարի ազատ ու հանդուգն, սակայն պատասխանատու խոսքի, անաչառ լրատվության դրոշը բարձր պահելու համար:
Սեպտեմբերի 15-ին կայանալիք արարողությանը Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին Սան Ջորջիո դել Սանիոյի իշխանությունների կողմից կշնորհվի պատվավոր քաղաքացու կոչում:
Ամեն տարի «Marzani» լրագրության և գրականության միջազգային մրցանակը շնորհվում է ակադեմիական աշխարհը, արվեստի ու լրագրության ոլորտը ներկայացնող փորձառու ժյուրիի անդամների կողմից՝ անձանց, ովքեր աչքի են ընկել մեդիա աշխարհում իրենց հանձնառությամբ, պրոֆեսիոնալիզմով և անկախությամբ: 2008 թվականից կազմակերպվող մրցանակաբաշխությունը միտված է խթանելու երկխոսությունը միջերկրածովյան տարբեր մշակույթների միջև, նպաստելու ինտեգրմանը ազատ և դինամիկ, նորարար և որակյալ լրագրության միջոցով:
Մրցանակաբաշխության առթիվ կազմված՝ ընտրող միջազգային հանձնախմբի ղեկավարը հայտնել է, որ պարգևատրվողների ընտրությունը կատարվել է ըստ հստակ չափանիշների՝ հիմնվելով Եվրոպական Խորհրդի ճշտած սահմանումների վրա:
Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Մասիմո Կաստալդոն շեշտել է, որ ոչ-իտալացի դիվանագետների և լրագրողների Իտալիայում պարգևատրումը ցույց կտա ժողովուրդների բարեկամության եւ համամարդկային միևնույն նպատակները միասնաբար հետապնդելու ու արժեքները պահպանելու կարևորությունը:
Թալալ Խրայիս