«Հայաստանյան քաղաքական մշակույթը մանկամիտ է. ոգևորվում ենք, երբ մեզ բարի խոսք են ասում կամ որևէ «խաղալիք» տալիս»

 Հայաստանում այսօր ևս քաղաքական կյանքը պտտվում է առանձին անհատների շուրջ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը` խոսելով ներքաղաքական դաշտի էվոլյուցիայից:

– Գնահատելով հայաստանյան ներքաղաքական դաշտը 20 և ավելի տարվա կտրվածքով, ի՞նչ էվոլյուցիա է այն ապրել` ընդդիմության տեսակի, իր առջև դրված խնդիրների և նրա հանդեպ իշխանության վերաբերմունքի առումով:

– Հայաստանյան ներքաղաքական դաշտի զարգացումը հետխորհրդային ժամանակահատվածում անցել է հասունացման կարևոր փուլերով: Կայացման փուլում է խոսքի ազատությունը, որը ժողովրդավարության կարևոր տարրերից է. հայաստանցիներն ազատ քննարկում ու քննադատում են քաղաքական անցուդարձն ու դերակատարներին, և, ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների` չեն վախենում պետական իշխանությունների հետապնդումներից: Միևնույն ժամանակ՝ ազգային մտածելակերպն ու քաղաքական մշակույթը գրեթե չեն փոխվել. և՛ նախկինում, և՛ այսօր քաղաքական կյանքը պտտվում է առանձին անհատների շուրջ, որոնց հասարակությունը սկզբից կուրորեն հերոսացրել է, հետո` զանգվածաբար հիասթափվել ու քննադատել, դարձյալ` կուրորեն մոռանալով, որ յուրաքանչյուր փուլում ունեցել ենք ոչ միայն վատը, այլ նաև լավը: Առհասարակ հայաստանյան քաղաքական մշակույթը մանկամիտ է. ոգևորվում ենք, երբ մեզ բարի խոսք են ասում կամ որևէ «խաղալիք» տալիս` հրավիրում մասնակցելու այս կամ այն միջազգային իրադարձությանը, առաջնորդների հավաքին, և նեղանում ու նեղվում ենք, երբ քննադատում են, մատնանշում մեր սխալներն ու թերությունները: Ինքներս մեր մասին հոգ տանել չսովորեցինք, ու հավանաբար` շարքային հայաստանցուն այդպես ավելի հարմարավետ է: Օրինակ` օբյեկտիվ է աղբահանության ներկայիս վիճակի քննադատությունը, սակայն քննադատողների մեծ մասն այդպես էլ չսովորեցին իրենց անմիջական բնական միջավայրը (բացի սեփական բնակարանի տարածքից) մաքուր պահել:

Եվս մի հանգամանք. հետխորհրդային տարիներին այդպես էլ չփորձեցինք իշխանությունը փոխանցել անհատներից պետական մարմիններին, պետական կառավարումը մեխանիկական, սովորական, մասնագիտական աշխատանք դարձնել: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պետական կառավարումը Հայաստանում նման է արտակարգ իրավիճակների հաղթահարմանը. անձրև է գալիս թե ձյուն` կարծես թե նոր ենք այդ մասին տեղեկանում, առաջին անգամ ենք տեսնում, հանկարծակիի ենք գալիս, խուճապի մատնվում. պետությունը լարվում է, մարդիկ վազվզում են, ԶԼՄ-ները` լուսաբանում, թե ինչպես «հերոսաբար» մաքրվեցին փողոցները, ինչպես բացվեցին ճանապարհները… Պետական կառավարումը Հայաստանում մասնագիտական, ամենօրյա, կայուն, առաջադեմ ու համակարգային գործընթաց չէ. այն պտտվում է առանձին անձանց շուրջ, ուղղված է առանձին անհատների կարիքների բավարարմանն ու սպասարկմանը, և պարբերաբար փոփոխվող է:

Այդ պայմաններում ոմանք իրենց լավ են զգում, ոմանք առհասարակ զուրկ են պետության հոգածությունից: Պետական հիմնարկների թեժ գծերին զանգելը երբեք այնքան արդյունավետ չի եղել և չի լինի, որքան` այդ հիմնարկում աշխատող ծանոթ-բարեկամին:

Համակարգային մեխանիզմները չեն փոխարինել միջանձնային կապերին ու փոխադարձ վստահությանը, ինչը ժողովրդավարական երկրներում անվանվում է կոռուպցիա. հայաստանցին պաշտպանված է ոչ թե պետական իշխանության մարմինների արդյունավետ գործունեության, այլև` այդ մարմիններում աշխատող անձանց հետ ունեցած անձնական կապերի և հարաբերությունների միջոցով: Սա պետական համակարգի ամենամեծ թերություններից է, որն առանձին հարցերում անգամ անհամատեղելի է պետականության որակների հետ:

– Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` «Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք»: Ըստ այդմ` պա՞րզ է, թե Հայաստանը քաղաքական ո՞ր և ի՞նչ իզմի ուղղությամբ է: Երկրորդ` աշխարհում քաղաքական ո՞ր գաղափարախոսությունն է ընկալելի և ընդունելի` հաշվի առնելով եվրոպական խորհրդարանի քաղաքական գաղափարական գունապնակը:

– Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այս կամ այն գործչի խոսքերը, սակայն կցանկանայի, որ դրանք հիմնավորված, գրագետ, պատասխանատու կերպով հնչեին ու հնչելով` վերածվեին արդյունավետ գործընթացների: Հակառակ պարագայում այս ամենը հին և նոր պերճախոսություն է` պոպուլիզմ:

– Թերևս վերը նշված հարցերի համատեքստում ճշտենք` վարչապետ Փաշինյանի` «Սասնա ծռերի» հետ հանդիպումն ինչի՞ մասին է հուշում, երբ ամիսներ առաջ Փաշինյանը զգուշացնում էր զենքով հարցեր չլուծելու անթույլատրելիության մասին, մի՞թե սա խոսում է իր ղեկավարած ուժի սնանկության և դրա հանդեպ անվստահության մասին, թե՞…

– Դարձյալ, հայաստանյան քաղաքական գործիչների այս կամ այն հայտարարության մասնագիտական մեկնաբանման կարիքը չեմ տեսնում: Հայաստանցիները սպասում են ոչ թե խոսքերի, այլ իրենց համընդհանուր խնդիրների մասնագիտական լուծումների. դա էր նախորդ տարվա գարնանը տեղի ունեցած զանգվածային ցույցերի և ապա` իշխանափոխության հիմնական շարժառիթը: Մարդկանց ընդհանուր հաշվով մեկ է, թե ո՞վ է լուծելու իրենց խնդիրներն ու բավարարելու կարիքները` սեփակա՞ն, թե՞ այլ երկրի քաղաքական գործիչներն ու պետական մարմինները. դրանով է պայմանավորված նաև արտագաղթը:

– Հնարավո՞ր է՝ այսօր Ամուլսարի բնապահպանական հարցը նոր հեղափոխության պատճառ կամ հիմք դառնա, արդյո՞ք ունենք այդքան ուժեղ քաղաքացիական հասարակություն և հանրային աջակցություն ու պահանջ:

– Դժվարանում եմ ասել: Սակայն միանշանակ դրական է, որ հայաստանցիներն իրենց որոշակի հատվածով վերջապես ակտիվորեն անհանգստացել են մեր բնության, առողջության, ապագայի հարցերով: Լավ կլիներ, որ դա ամենօրյա և յուրաքանչյուրիս, այդ թվում` քաղաքական պաշտոնյաների մոտեցումը դառնար:

– Ի դեպ, այս տարիներին ի՞նչ էվոլյուցիայի է վերածվել հայ հասարակությունը` գաղափարական, քաղաքականապես և իրավագիտակցական առումով: Արդյո՞ք այսօր ունենք ազատ և անկախ հասարակություն` «քաղաքացի» բառի բուն իմաստով:

– Հայաստանյան հասարակությունը բազմազան է. ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ունենք մեծատառով Քաղաքացիներ, ունենք նաև փոքրատառով մարդիկ:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս