
«Մենք կունենանք երկու փոխվարչապետ. մեկը կլինի տիկին Մայա Ցկիտիշվիլին, մյուսը՝ տիկին Թեա Ծուլուկիանին». Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության փոխվարչապետներ է նշանակել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին եւ ենթակառուցվածքների ու տարածաշրջանների զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլիին: Վրաստանի վարչապետը նշանակումների մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է կառավարության առաջին նիստի սկսվելուց առաջ կայացած բրիֆինգում։
«Մենք կունենանք երկու փոխվարչապետ: Մեկը կլինի տիկին Մայա Ցկիտիշվիլին, մյուսը՝ տիկին Թեա Ծուլուկիանին: Ձեզ հայտնի է, որ նրանք մեր թիմի հին ու փորձառու անդամներն են: Ես վստահ եմ, որ դա էլ ավելի կուժեղացնի թիմին»,-ասել է Գախարիան:
Բացի այդ, վարչապետը նաեւ նշել է, որ այսուհետեւ կառավարության նիստերն անցկացվելու են հինգշաբթի օրերին ժամը 10-ին: Նա նաեւ բոլոր նախարարներին պարտավորեցրել է նիստերի ավարտից հետո դուրս գալ եւ հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, այդ թվում եւ այն հարցերի վերաբերյալ, որոնք չեն քննարկվել կառավարության կողմից:
Ցկիտիշվիլին, որը փոխվարչապետ էր նաեւ վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարության օրոք, որը հրաժարական տվեց սեպտեմբերի 2-ին, տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար է 2018 թվականի մարտից: Մինչ այդ, 2012 թվականից նա զբաղեցնում է Վրաստանի կառավարության դիվանատան ղեկավարի պաշտոնը: Ծուլուկիանին արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2012 թվականից՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ «Վրացական երազանք» կոալիցիայի՝ իշխանության գլուխ գալուց անմիջապես հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: