«Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս». Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից
Բժիշկներին հաջողվել է փրկել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը, ով սեպտեմբերի 12-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
«Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս: Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն նրան նորից գրկելու», – ինչպես հայտնում է Դերձյանը՝ այս մասին բժիշկների հետ զրույցում ասել է մայրը՝ Արաքսին:
ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնականը գրել է, որ օգոստոսի 25-ին՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, դժբախտ դեպք էր տեղի ունեցել. փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկան:
«Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա: Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- նշել էր Դերձյանը:
Նա նշել էր, որ օրեր առաջ երեխայի մոտ արդեն նկատվել էր դրական տեղաշարժ ու գիտակցության էր եկել: