«Չակերտավոր և առանց չակերտների հարձակումները եղել են շատ վաղուց և հիմա էլ շարունակվում են». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրողների հետ կապված խնդրին։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե արդյո՞ք ԱԱԾ-ն կարճել է գործը, փաստաթղթերին ծանոթ չէ, քանի որ հավանաբար նախաքննական գաղտնիք է եղել։
«Իմ տեղեկատվությունը ներդրողից հետևյալն է՝ փայաբաժինը, և ոչ թե գումարը, վերադարձվել է ներդրողին, և ներդրողը հիմա ունի 100% փայ այդ կազմակերպության մեջ»,- ասաց Թորոսյանը։
Հարցին, թե կա՞ արդյոք ենթատեքստ, որ իր անձի թիրախավորումը սկսվեց նրանից հետո, երբ ինքը հայտարարեց, որ չի կարելի ծխախոտի բիզնեսից ստացվող գումարներից ուղղել ուռուցքաբանությանը, Ա.Թորոսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ մի պատճառահետևանքային կապ չեմ տեսնում, քանի որ չակերտավոր և առանց չակերտների հարձակումները եղել են շատ վաղուց և հիմա էլ շարունակվում են և ոչ մի կերպ պայմանավորված չեն իմ այդ մտքով»։
Թե ինչո՞ւ են իրեն անձնավորված թիրախավորում, ինչո՞ւ չի կարելի խնդիրները համերաշխ լուծել, նախարարը վստահեցրեց, որ խնդիրները մշտապես լուծվում են համերաշխ մթնոլորտում, կոլեգիալ հիմքի վրա, ներդրվող և բարեփոխվող ծրագրերը մշակվում են նախարարության և այլ մասնագետների հետ քննարկումների արդյունքում, և այդպես էլ լինելու է։
Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ խնդիրներն Ա.Թորոսյանը հրաժարվեց մեկնաբանել. «Արդեն ասել եմ, որ սուտ է։ Ես ասել եմ, թե որտեղից է դա ուղղորդվում, և ես հիմքեր ունեի դա ասելու»։
Համալսարանի կողմից իր դեմ պատրաստվող հայցի առնչությամբ Ա.Թորոսյանը նշեց, որ ինքն իր լիազորությունները չի չարաշահել. «Ես կառավարության անդամ եմ, իսկ կառավարության անդամը լիազորված է կառավարությունում որոշումներ ընդունել և մասնակցել որոշումների ընդունմանը»։