Ոստիկանությունը հայտնում է Ստեփանավանում կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտման մասին
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են արձանագրել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը, զինղեկից, քիմիայի և ֆիզիկայի ուսուցչուհիներից, վերջիններիս հետագա պաշտոնավարման համար, սկզբում հաշվապահի միջնորդությամբ` նրա պաշտոնեական դրության օգտագործմամբ, իսկ հետագայում` անձամբ, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, պահանջել և 2007թ.-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը, որպես կաշառք, պարբերաբար ստացել է հիշյալ անձանց, որպես քաղպաշտպանության շտաբի պետի և լաբորանտների համար սահմանված լրացուցիչ աշխատավարձերի 50 տոկոսի չափով` ընդհանուր 2 միլիոն դրամ գումար:
Խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու և պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդություն կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: