«Այս գորշ, անդեմ, անսկզբունքային ԱԺ-ի ժամկետը դեռ չի լրացել, նոր ընտրությունների կարիք չկա»
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սէֆիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսել էր նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ հիմա դրա կարիքը չկա:
«Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա: «Սասնա ծռերի» համար, ընտրություններում պարտված քաղաքական ուժերի համար, ԱԺ-ից դուրս մնացած ուժերի համար դրա կարիքը կա՝ «Մեկ անգամ էլ փորձիր» սկզբունքով: Այսօրվա գորշ, անդեմ, անսկզբունքային ԱԺ-ի ժամկետը դեռ չի լրացել, նոր ընտրությունների կարիք չկա»:
Ազատ Արշակյանը հույս ունի, որ վարչապետի հանդիպումը «Սասնա ծռերի» հետ հերթականն էր, և, որ նա կհանդիպի մյուս ուժերի ղեկավարների հետ ևս:
««Սասնա ծռերը» հեղափոխությունից հետո հայտարարել են, որ հրաժարվում են զինված ապստամբության մեթոդից և անցնում են խաղաղ, դեմոկրատական, քաղաքական պայքարի մեթոդին: «Սասնա ծռերի» անձնակազմից, ովքեր որ մեղադրվում են քրեական հանցագործության մեջ, դեռևս արդարացված չեն:
Իհարկե, պետք է ՀՀ վարչապետը՝ գործադիր իշխանության ղեկավարը, մեր իրականության մեջ, ռուսական խոսքով ասված՝ «ձեռքով կառավարվող երկրում», որտեղ ինստիտուտները լավ չեն աշխատում, և անհատների որոշումներից է շատ բան կախված, իհարկե, նա պետք է պարբերաբար հանդիպի տարբեր ուժերի հետ՝ ըստ անհրաժեշտության և ըստ իր գրաֆիկի: Ես հույս ունեմ, որ այս հանդիպումն էլ հերթականն էր, և վարչապետը մյուս ուժերի լիդերների հետ էլ կհանդիպի, և շատ կարևոր է, որ այս ամենը թափանցիկ կլինի»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



