Բաժիններ՝

Թայֆունը վնասել է Ճապոնիայի խոշորագույն լողացող արևային էլեկտրակայանը

«Ֆակսայ» հզոր թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է լույս սեպտեմբերի 9-ի գիշերը, Տիբայի պրեֆեկտուրայում վնասել է երկրի խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը, որի բաղադրատարրերը գտնվում են ջրամբարի մակերեւույթին: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Ուժգին քամին տեղաշարժել ու ցիրուցան է արել մի քանի հարյուր պանելներ, ինչի հետեւանքով դրանց մի մասը բռնկվել է: Կրակի մարումը շարունակվել է մի քանի ժամ: Նախնական տվյալներով՝ այրվել է շուրջ 50 արեւային բաղադրիչ:

Տարերքի հարվածի հետեւանքով, որն անցած գիշեր մոլեգնել է երկրի կենտրոնական եւ արեւելյան տարածաշրջաններում, զոհվել է առնվազն մեկ մարդ, եւս 37-ը տուժել են: Զոհվել է Սետագայա շրջանի մի բնակչուհի, որն ընկել է քամու պոռթկումից եւ գլխով բախվել շենքի պատին: Բոլոր տուժածներն ապրում են մայրաքաղաքի տարածաշրջանում եւ Կանագավայի, Սայտամայի, Սիձուոկայի ու Տիբայի պրեֆեկտուրաներում:

Տիբայում առանց էլեկտրականության է մնացել 600 հազար տուն: Մի քանի շրջաններում էլեկտրամատակարարումը մինչ այժմ վերականգնված չԷ: Ճապոնական ավիաընկերությունները թայֆունի հետեւանքների պատճառով հարկադրված են եղել չեղարկել 163 ներքին չվերթ: Առավոտյան մայրաքաղաքում խախտվել էր երկաթուղային տրանսպորտի երթեւեկությունը:

«Ֆակսայը» դարձել է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձեւավորված 15-րդ թայֆունը: Այժմ արեւադարձային փոթորիկը թուլացել է եւ լքել Ճապոնիայի տարածքը: Այն շարունակում է շարժվել Խաղաղ օվկիանոսով՝ ճապոնական Հոկայդո հյուսիսային կղզու մոտով: Քամու արագությունը, ըստ օդերեւութաբանների տվյալների, կազմում է վայրկյանում 40 մետր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս