«Դորիան» փոթորիկը մոլեգնել է Կանադայի ատլանտյան ափին
Լույս սեպտեմբերի 9-ի գիշերը «Դորիան» փոթորիկը, որը մոլեգնել է Կանադայի ատլանտյան նահանգներում, առանց էլեկտրականության է թողել շուրջ 500 հազար տնային տնտեսություններ ու ձեռնարկություններ: Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների CBC կանադական կորպորացիան:
Նրա տվյալներով՝ փոթորկի հարվածը բաժին է հասել Նոր Շոտլանդիա, Նյու-Բրանսուիք կանադական նահանգներին, ինչպես նաեւ արքայազն Էդուարդի կղզուն:
«Դորիան»-ը տարածաշրջանին մոտեցել է որպես երկրորդ կատեգորիայի փոթորիկ՝ ժամում մինչեւ 145 կիլոմետր քամու պոռթկումներով: Հալիֆաքս քաղաքում (Նոր Շոտլանդիա) տապալվել է շինարարական կռունկը: Ներկայում «Դորիան»-ը շարժվում է արեւելյան ուղղությամբ եւ դասակարգվում է որպես արեւադարձային ցիկլոն:
Ավելի վաղ փոթորկի հետեւանքներն զգացել են ԱՄՆ-ի Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաում: Հորդառատ անձրեւներն ուղեկցվել են մի քանի տոռնադոներով: Մոտավորապես 400 հազար բնակելի տներ եւ ձեռնարկություններ մնացել են առանց էլեկտրականության, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



