Առնվազն 36 մարդ է տուժել Ճապոնիայում մոլեգնած թայֆունից. կա մեկ զոհ
Ճապոնիայում առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս 36-ը՝ տուժել «Ֆակսայ» թայֆունի հետեւանքով, որն անցած գիշեր մոլեգնել է երկրի կենտրոնական եւ արեւելյան տարածաշրջաններում: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Զոհվել է Սետագայա շրջանի մի բնակչուհի, որն ընկել է քամու պոռթկումից եւ գլխով բախվել շենքի պատին: Բոլոր տուժածներն ապրում են մայրաքաղաքի տարածաշրջանում եւ Կանագավայի, Սայտամայի, Սիձուոկայի ու Տիբայի պրեֆեկտուրաներում:
Ճապոնական ավիաընկերությունները թայֆունի հետեւանքների պատճառով մինչ այս պահը հարկդրված են եղել չեղարկել 163 ներքին չվերթ:
Առավոտյան մայրաքաղաքում խախտվել էր երկաթուղային տրանսպորտի երթեւեկությունը: «Ֆակսայը» դարձել է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձեւավորված 15-րդ թայֆունը: Այժմ արեւադարձային փոթորիկը թուլացել է եւ լքել Ճապոնիայի տարածքը:
Այն շարունակում է շարժվել Խաղաղ օվկիանոսով՝ ճապոնական Հոկայդո հյուսիսային կղզու մոտով: Քամու արագությունը, ըստ օդերեւութաբանների տվյալների, կազմում է վայրկյանում 40 մետր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



