Բաժիններ՝

Samsung Galaxy Fold ծալովի սմարթֆոնը սեպտեմբերի 6-ին վաճառքում կհայտնվի Հարավային Կորեայում. Reuters

Samsung-ի առաջին ծալովի սմարթֆոնի՝ Galaxy Fold-ի վաճառքները սեպտեմբերի 6-ին կսկսվեն Հարավային Կորեայում: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է դիլերական ցանցի իրազեկ մի աղբյուր:

Նրա տվյալներով՝ սարքի մանրածախ գինը կկազմի շուրջ 2,4 մլն վոն (1980 դոլար): Այլ մանրամասներ աղբյուրը չի ներկայացրել: Samsung Electronics ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Սկզբնապես պլանավորվում էր Galaxy Fold-ի վաճառքներն սկսել այս տարվա գարնանը, բայց ի վերջո նոր սմարթֆոնի թողարկումը հետաձգվեց դրա թերությունների վերաբերյալ ստացված բազմաթիվ բողոքներից հետո:

Լրագրողները, որոնք դեռ ապրիլին էին ստացել Galaxy Fold-ը նախնական կարծիքներ հայտնելու համար, հայտարարել էին էկրանի հետ կապված մի շարք խնդիրների մասին:

Դրանից հետո Samsung-ում հայտնել են, որ թերություններն ի հայտ են եկել սարքը ծալելիս՝ դիսփլեյի վերեւի եւ ներքեւի մասերում: Ընկերությունն այդ ժամանակվանից կատարել է այդ մոդելի մի շարք կատարելագործումներ:

Հունիսին Samsung-ը հայտնել էր, որ Galaxy Fold-ը գնման համար մի շարք երկրներում հասանելի կլինի արդեն սեպտեմբերից: Այն, թե նորույթը որ շուկաներում կհայտնվի առաջին հերթին, ընկերությունում խոստացել են հայտնել մինչեւ ռելիզի ամսաթիվը: Galaxy Fold-ը Samsung-ի առաջին ծալովի սմարթֆոնն է: Ծալված վիճակում սարքը կարելի է օգտագործել որպես հեռախոս, իսկ բացված վիճակում այն գործառույթներով նմանվում է պլանշետի: Գաջեթն ունի երկու էկրան՝ 4,6 դյույմ եւ 7,3 դյույմ չափերով: Առաջինը նախատեսված է սարքը սմարթֆոնի ռեժիմով, երկրորդը՝ որպես պլանշետ օգտագործելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս