Ծփում է Սևանը. Կրկին

Այս տարի Սևանա լիճը սովորականից ավելի շատ է հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում: Վերջին դեպքի պատճառը կառավարության նիստն էր, ուր խոսվեց լճից նախատեսվածից ավելի քիչ ջուր բաց թողնելու մասին: Այնուհետև լրատվամիջոցներից մեկը հրապարակեց տվյալ, որ օգոստոսի վերջի դրությամբ Սևանի ջրի մակարդակը մեկ սմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Հետո հայտնվեց մեր Ջրային կոմիտեի պարզաբանում-արդարացումը:

Տեքստում ասված է, որ ջուր ոռոգման նպատակով այս տարի իսկապես նախորդից քիչ է բաց թողնվել 51 մլն խմ-ով: Եվ, որ իսկապես օգոստոսի 29-ին լճի մակարդակը 1 սմ-ով պակաս էր, իսկ սեպտեմբերի 1-ին արդեն ճիշտ այնքան էր, որքան անցած տարի այդ նույն օրը: Կար նաև մասնագիտական բացատրություն, որ լճի մակարդակի ցուցանիշը միայն ջրառով չի պայմանավորված: Այն ձևավորվում է գոլոշիացման, տեղումների, ստորերկրյա արտահոսքերի և այլ երևույթների արդյունքում:

Կարճ ասած, արդեն մոդայիկ է դառնում, երբ կառավարությունն ինչ-որ բան է հայտարարում, ապա կառավարման կոնկրետ մասնագիտացված, կամ վիճակագրական որևէ կառույց փորձում է շտկել իրավիճակը: Բայց Սևանի պարագային պիտի որ վիճակն այլ լիներ:

Եթե չեմ սխալվում, դեռ 2014թ. եվրոպական մի քանի կառույցի ու մեր համապատասխան նախարարության ու Վիճակագրական ծառայության կողմից «Շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգ» երկարանուն կառույցը ստեղծվեց: Կայք հիմնվեց, ուր պարբերաբար պիտի հրապարակվեին տեղեկություններ լճի մասին:

Կայքում վերջին նորությունը հենց 2014-ին կամ 2015-ին է տեղադրվել: Փոխարենը՝ այդ կառույցի ձևավորման պահից կարելի է եզրակացնել, որ Լճի մոնիտորինգով զբաղվում են մի քանի գերատեսչություններ` Գյուղ, Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Այս կառույցները տվյալները փոխանցում են Վիճկոմ: Քանի որ այս տարի Սևանի նկատմամբ ուշադրությունը համակ էր, Վիճկոմը ՀՀ վիճակագրական խորհրդի հետ անցած ամիս վերջապես (և եթե չեմ սխալվում` առաջին անգամ) հրապարակեց «Սևանա լճի 2018թ. տարեկան ջրային հաշվեկշիռը»: Պաշտոնապես հայտարարվեց, որ 2018թ. մակարդակի փոփոխությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 3 սմ-ով: Այս հրապարակման մեջ կային նաև 2019թ. հունիս ամսվա տվյալները:

Նշենք նաև, որ Սևանի խնդիրներով զբաղվում է նաև ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը: 2019թ. ապրիլին հենց այս ինստիտուտի տնօրենն առաջինը հրապարակեց պաշտոնական տեղեկատվություն Սևանի մասին: Նա ապրիլի 2-ին պնդեց, որ լճի մակերևույթը նախորդ տարվա համեմատ 4 սմ պակաս է, և ավելացրեց, որ «տարին չորային է, և ջրի բացթողումը կարող է վնասակար լինել»:

Լճի մակարդակի մասին հաջորդ պաշտոնական տեղեկատվությունն անհավատալի է, բայց կարելի է գտնել ԱԺ կայքում: Խորհրդարանականներին էլ էր հարցը հետաքրքրել: Այս հասցեում կարելի է համոզվել, որ ըստ «Սևանի գործողությունների պլանի իրականացում» անունով փաստաթղթի՝ 2018թ. մայիսի 1-ի համեմատությամբ՝ 2019-ի նույն օրը լճի մակերևույթն իջել էր 7 սմ-ով: Մյուս պաշտոնական տվյալով, որ հրապարակել էր վիճխորհուրդը ս/թ հունիսի 30-ին, լճի մակերևույթը նախորդ տարվա նույն օրվա համեմատ իջել է 2 սմ-ով:

Այսինքն, պաշտոնական տվյալներով՝ լիճն անընդհատ ավելի ցածր մակերևույթ ունի, քան անցած տարի: Սա իսկապես կարող է օբյեկտիվ ու բնակլիմայական պատճառներ ունենալ: Տարին իսկապես չորային էր ու շոգ: Հետևաբար՝ լիճը տեղումներով «չհամալրվեց»: Ու դրան գումարած, ենթադրվում է, որ սովորականից ավելի գոլորշիացում տեղի ունեցավ: Սակայն անցած շաբաթ կառավարության նիստին վարչապետը, ասես իմիջիայլոց, աշխատող տեսախցիկների առաջ որոշեց հրապարակել, որ ոռոգման նպատակով Սևանից ջրառը նախատեսվածից պակաս է: Ու սկսվեց: Հիմա պետական բոլոր կառույցները լծվել են տվյալներ հրապարակելու, որ ջրի մակերևույթը չի նվազել:

Տեսեք, թե ինչ է գրում Ջրային կոմիտեն. «Լճի մակարդակի վերաբերյալ ևս տվյալները փոփոխվում են, և որոշ լրատվամիջոցների մտահոգությունը հարուցած 1 սմ-ի տարբերություն էր գրանցվել օգոստոսի 29-ին, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ ցուցանիշը նույնն է, ինչ անցած տարվանը»:

Կարծես որևէ մեկն իշխանություններին մեղադրում է ջրի մակերևույթի նվազման հարցով: Փաստորեն, կարծես ակնարկում են, որ 2 օրվա ընթացքում լճի ջուրը լցվել ու հասել է նախորդ տարվա մակարդակին: Բայց բաց տեքստով նման բան չեն ասում: Որովհետև զավեշտ իրավիճակում կհայտնվեին: Սակայն այն, որ պետական ապարատը բան ու գործ թողած՝ փորձում է այս կամ այն կերպ հաստատել իշխանությունների ասածը, պակաս ծիծաղելի չէ:

Ի վերջո, Սևանի համալրման չափը գետերով, տեղումներով ու թունելներով, լճի ջրի մակերևույթի տվյալները, լճից ջրառը ամեն ամիս չափվում է: Չափվում է` առաջին և վերջին օրվա դրությամբ: Հրապարակեք այդ թվերը, հրապարակեք ժամանակին, և անհարմար վիճակ չի ստեղծվի: Արդարանալու և, առավել ևս, արդարացնելու կարիք չի լինի:

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս