«Հայաստանում վատագույն դեպքում հնարավոր է հերթական ժամանակավոր կիսաավտորիտար գարշանք». Արթուր Մարտիրոսյանը՝ «Սասնա ծռերի» հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռեր» «համահայկական» կուսակցության հետ, որը նախորդ տարվա դեկտեմբերին կայացած ազատ ու արդար ընտրությունների արդյունքում հավաքել է 1,82% (22 862) ձայն, մեծ աղմուկ է բարձրացրել դրանց առաջնորդների հայտարարություններից հետո, որոնք հայտարարել են, որ չեն թողնի «հակահեղափոխական ուժերի ռևանշը»: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանը:
«Նախկինները» լավագույն դեպքում կարող են քաղաքական մարտ մղել՝ հաջորդ ընտրություններին վերախմբավորվելով:
«Թե ինչպե՞ս է արմատականության երկու տոկոս պերօքսիդը (նկատի ունի «Սասնա ծռեր»-ին-tert.am) պատրաստվում կանխել մատից ծծած «ռևանշը»: Մի՞թե ժողովրդավարական երկրում պատանդներ վերցնելով, որտեղ քաղաքական բռնությունը, համաձայն Նիկոլ Փաշինյանի, մոռացության է մատնվել»,- գրել է նա:
Միջնաժամկետ հեռանկարում կա սցենար, որը թույլ կտա «Սասնա ծռեր»-ին մարգինալ ծայրահեղական արևմտամետ կուսակցությունից վերածվել իրական քաղաքական ուժի. ալեվարողի պես, այն պետք է բռնի քաղաքական ալիքը:
Սակայն այժմ հանգիստ էլ չէ, տեղատվություն է, և եթե այն շարունակվի ևս 4 տարի, ապա հաջորդ ընտրություններում այլ հավասար պայմաններում «Սասնա ծռեր»-ը կսկսի կորզել իշխող կուսակցության ձայները, ավելի հստակ՝ արմատական տրամադրված ընտրազանգվածի, գրել է Արթուր Մարտիրոսյանը:
«Սասնա ծռեր»-ը որևէ բանից բռնվելու տեղ չունի, բացի Ամուլսարի ոսկեբեր հանքավայրից: Օգոստոսի 25-ին «Սասնա ծռեր»-ը հանդես էր եկել Ամուլսարի շահագործման վերականգնման դեմ խիստ հայտարարությամբ:
«Սակայն, ի՞նչ կարող են նրանք անել, եթե իշխանությունները որոշում ընդունեն հօգուտ Lydian International-ի: Կա՛մ պետք է վերահաստատեն իրենց կարգախոսները, բողոքի ցույցերի հանեն մի քանի հազար մարդու, որպեսզի բռնեն ալիքը և միանան ցուցարարների շարքերին, կա՛մ միաձուլվեն և սպասեն հաջորդ ընտրություններում անփառունակ 2-3%-ին»,- գրել է նա:
Թվում է, չնայած իշխանությունների վերցրած ընդմիջմանը, Ամուլսարի հարցով որոշման ընդունման ժամն արագորեն մոտենում է: Եթե տեղեկությունն այն մասին, որ Lydian International-ը հնարավոր հայցի մասին հայտ է ներկայացրել արբիտրաժային դատարան, ճիշտ է, ապա մինչ եռամսյա ժամկետի լրանալը մնացել է մի քանի շաբաթ:
Եթե անգամ ՀՀ իշխանությունները ժամանակ խնդրեն, ապա գործարկված արբիտրաժային գործընթացում ընկերությունը չի կարող հրաժարվել իր միակ՝ այս գործարքով ինչ-որ բան շահելու այլընտրանքից: Սակայն արբիտրաժային հեքիաթն արագ ազդեցություն չի ունենա: Այդ իսկ պատճառով կան տարբերակների ակնարկներ, երբ և՛ ներդրումային պատիվը, և՛ գրավչությունը կպահպանվեն, և քաղաքական սրացումը կտեղափոխվի ձեռքով կառավարման ռեժիմի:
«Ես անգամ չեմ բարձրաձայնի այդ տարբերակները: Դրանց իրականացման համար «Սասնա ծռեր»-ը պետք է կատարի բողոքի ալիքը վերահսկելու նրբանկատ ցուցումներ… Բարդ, բայց ոչ անհնարին խաղ»,- գրում է նա՝ հավելելով. «Մարգինալներն ունեն «նարցիսի» բարդույթ՝ նրանք չպետք է անվանվեն ոչ այլ ինչ, քան «համազգային շարժում»՝ «հինգերորդ շարասյան», ներքին թշնամիների պարանոիդ փնտրտուքով, ինչը բնորոշ է եվրոպական արժեքների հետ անհամատեղելի ուղեղի անբուժելի տոտալիտար հիվանդություն ունեցող կուսակցություններին»,- գրել է նա:
Միևնույն ժամանակ, ժողովրդավարական քաղաքական տարածքում յուրաքանչյուր կուսակցություն ընդամենը ամբողջի մի մասն է: Եթե իշխանության է գալիս ամբողջի ձգտող կուսակցություն կամ «շարժում», ապա ռեժիմը դադարում է լինել ժողովրդավարական, դառնում է ավտորիտար կամ տոտալիտար: Հայաստանում վատագույն դեպքում հնարավոր է հերթական ժամանակավոր կիսաավտորիտար գարշանք: Սակայն անգամ դա չպետք է թույլ տալ, որովհետև զարգացման տեմպի կորուստը մահացու վտանգ է պարունակում»,- ըստ tert.am-ի՝ եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը: