Արման Բաբաջանյանին ասել են՝ «մնա «գծի» մեջ, կա՛մ ընտրիր քո ճանապարհը». մանրամասներ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց խմբակցությունը լքելու մասին։ Դեռեւս տասն օր առաջ մենք գրել էինք, որ նա կհեռանա «Լուսավոր Հայաստանից», մոտ ապագայում էլ մտադիր է քաղաքական ուժ ձեւավորել, սակայն Բաբաջանյանը մեր զրույցում շատ պինդ հերքել էր՝ ասելով, թե չկա նման բան․ ինքը «ԼՀԿ ֆրակցիայում իրեն շատ լավ է զգում»։
Հակասությունները ֆրակցիայի եւ Արման Բաբաջանյանի միջեւ վաղուց էին հասունացել՝ դեռեւս այն ժամանակ, երբ ԱԺ-ում ընտրվեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, եւ նա, առանձնանալով ֆրակցիայից, կողմ քվեարկեց Գրիգորյանին։
Վերջին երկու-երեք ամիսներին առհասարակ նա չէր շփվում Էդմոն Մարուքյանի հետ, չէր հաճախում ֆրակցիայի նիստերին, սեպարատ հանդիպումների էր մեկնում մարզեր, հայտարարություններ անում՝ առանց համաձայնեցնելու։
Մենք տեղեկացանք, որ մեկ շաբաթ առաջ ԱԺ ԼՀԿ խմբակցությունում քննարկվել է Բաբաջանյանի հարցը, եւ նրան փոխանցել են, որ «այսպես շարունակվել չի կարող»․ կա՛մ պետք է նորմալ հաճախի խմբակցության նիստերին ու մնա ընդհանուր «գծի» մեջ, կա՛մ ընտրի իր ճանապարհը։
Այս զրույցն արագացրել է գործընթացները, որոնք գուցե տեղի ունենային ավելի ուշ։
Արման Բաբաջանյանին ԼՀԿ-ից պոկելու ծրագիրը, ըստ որոշ շրջանակների, ոչ այնքան գործող իշխանությունների ձեռքի գործն է, որքան դաշտում ստվերային «խաղացողների», որոնք ապագայում պատրաստվում են քաղաքական հայտ ներկայացնել։
Մեզ ասացին, որ նույն այդ շրջանակներից հիմա ակտիվ աշխատում են, որ «Արմանը մենակ չմնա», նրան անգամ իմքայլականներից միացողներ լինեն։
Պլաններում իշխող խմբակցության կայուն մեծամասնությունը կոտրելն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: