ՍԴ-ից ազատվելու մի քանի տարբերակներ են քննարկվում. փակ քննարկում է եղել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին հանրության ուշադրությունը սեւեռված է ՍԴ-ում ընթացող գործընթացների եւ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված որոշման վրա, որի վերաբերյալ փորձագիտական դաշտում հակասական մեկնաբանություններ են հնչում։
«Փաստ» թերթին ՍԴ շուրջ զարգացումների մասով ուշագրավ տեղեկատվություն է հայտնի դարձել, ըստ որի՝ իշխանություններն այսօր, որպես օրակարգային թիվ մեկ հարց, փորձում են ուղիներ գտնել՝ ամեն կերպ «բլոկելու» ՍԴ գործառույթները, իսկ առաջին հերթին օրենսդրական միջոցներ են փնտրում՝ Հրայր Թովմասյանից «ազատվելու» համար։
Տեղեկությունների համաձայն, մի քանի տարբերակներ են քննարկվում, այդ թվում՝ ՍԴ-ն ցրելու եւ նոր կազմ ընտրելու, ինչպես նաեւ ՍԴ լիազորությունների սահմանափակման եւ ինստիտուցիոնալ նոր՝ առավել «բարձր» կառույցի ձեւավորման առումով:
Մեր աղբյուրների պնդմամբ, օրերս այս թեմայով փակ հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են բրիտանացի եւ գերմանացի մի քանի փորձագետներ, որոնք ՀՀ իշխանություններին որոշակի քայլերի հաջորդականություն են ներկայացրել, որոնք կարելի է կիրառել ստեղծված իրավիճակում:
Ըստ այդմ, պատահական չէ, որ իշխանություններին սպասարկող փորձագիտական դաշտն ու որոշ «սոցցանցային ակտիվիստներ» վերստին ակտիվորեն շեշտադրում են, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ, որը հրատապ լուծման կարիք ունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: