Ո՛չ մեկուսացմանը, այո՛ ներառականությանը. հաշմանդամություն ունեցողներն ու նրանց ծնողները դեմ են «Երեխաների քաղաք» ծրագրին
Հաշմանդամություն ունեցող մի խումբ անձինք և նրանց ծնողներն այսօր հավաքվել էին Կառավարության դիմաց: Նրանք դեմ են «Երեխաների քաղաք» ծրագրին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Կառավարությունը որոշել էր անհատույց տարածք տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հ/կ-ին՝ Արարատում «Երեխաների քաղաք» կառուցելու համար:
Նախագծի համաձայն՝ նշված համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:
Հաշմանդամություն ունեցողներն ասում են՝ դա դեմ է ներառականությանը:
«Սա տանում է դեպի մեկուսացում: Այս պարագայում, եթե հաշմանդամություն ունեցող մի երեխա որոշի գնալ, օրինակ, ուրիշ դպրոց, իրեն կասեն՝ գիտե՞ս ինչ, քեզ համար քաղաք կա, դպրոց կա, գնա այնտեղ սովորիր»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրն այս տարբերակով ընդունելուն ինքն էլ է դեմ:
«Սա խնդիրը չի լուծելու: Ծրագրի այս տարբերակով ընդունմանը ես դեմ եմ: Չպետք է մեկուսացնել հաշմանդամություն ունեցողներին: Պետք է համատեղ ապրելու հնարավորություն տալ»:
Կառավարության առջև հավաքված հաշմանդամություն ունեցողներն առհասարակ դեմ են «Երեխաների քաղաքի» կառուցմանը: Նրանք վստահեցնում են՝ այն գումարով, որը ծախսվելու է այդ քաղաքի վրա, կարելի է հանրային դպրոցները հարմարեցնել խնդիրներ ունեցողներին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ