«Տրանսպորտի գինը 100 դրամից թանկանալու է». Փոխադրողների միության նախագահ
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ քաղաքային տրանսպորտի վիճակը վատ է և ավելի է վատանալու:
«Երևանի քաղաքապետն իր ելույթում ասել է, որ 400 միկրոավտոբուս դուրս է գալու շահագործումից: Տրանսպորտի նոր ցանցի ծրագիրը կա, բայց այն կյանքի կոչող է պետք: Մեր քաղաքապետն ամեն ելույթի ժամանակ ասում է, որ երկու տարվա ընթացքում կյանքի կկոչվի: Մեկնարկի թիվը ո՞րն է: Երկու տարին ե՞րբ է լրանալու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց բարձրացրեց Հրանտ Եղիազարյանը:
«Այսօրվա պատրաստի երթուղային ցանցը շատ նորմալ է, բայց թե ինչո՞ւ կյանքի չի կոչվում, չգիտեմ: Այն ավտոբուսները, որ բերվելու են, շատ թանկ են, և թանկարժեք ապրանքով ծառայություն մատուցելը թանկ արժե: Հիմա, թե որքան կլինի իրականում տրանսպորտի արժեքը, այսօր չասենք: Բայց հաստատ 100 դրամ չի լինելու: Մենք ասում ենք, որ բարձր գինը ոչ թե ուղևորը թող վճարի, այլ պետությունը թող դոտացիա տա»,- հավելեց նա:
Փոխադրողների միության նախագահի փոխանցմամբ՝ օգոստոսի 29-ին քաղաքապետարանը խորհրդակցություն էր հրավիրել և առաջարկել է, որ մինչև սեպտեմբերի 10-ն առաջարկություններ ներկայացնեն՝ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ ներկրելու հետ կապված:
Անի Կարապետյան