Հսկայական տարածքը վարորդն անցնում է մենակ. Փոխադրողների միության նախագահը՝ Վրաստանում և ՌԴ-ում Հայաստանի ուղևորափոխադրամիջոցներով կատարվող ավտովթարների մասին
Վերջին շրջանում շատացել են Վրաստանում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ուղևորափոխադրամիջոցներով կատարվող ավտովթարները: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ մեքենայում մեկ վարորդ է:
«Երբ գործընթացը թողնում են վարորդների քմահաճույքին, այսինքն՝ բարձիթողի վիճակում, ոչ մի լավ բան սպասել չի կարելի: Այսօր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն ավելի շատ են, քան կանոնավորները: Ով ինչ-որ գումար է հայթայթում, 10-20 բարձր որակի «Մերսեդես» մակնիշի մեքենաներ է ձեռք բերում, տեսնում է, որ քաղաքում աշխատելը ձեռնտու չէ, քաղաքից դուրս է գնում: Նրանք սկսում են խնայողություններ կատարել վարորդների աշխատավարձի հաշվին: Այսինքն, այդ հսկայական տարածքը վարորդն անցնում է մենակ, գնում են մեկ վարորդով: Մարդկության մեծագույն նվաճումներից մեկն այն է, որ մարդը պետք է աշխատի 8 ժամ, իսկ մնացած 16 ժամը պետք է հանգստանա: Որոշակի դեպքերում թույլատրվում է, որ վարորդներն աշխատեն մինչև 12 ժամ, բայց հետո պետք է մինչև 24 ժամ հանգստանան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Եղիազարյանը:
Փոխադրողների միության նախագահի փոխանցմամբ՝ մեքենաները չեն անցնում տեխնիկական ստուգում:
«Տարին մեկ անգամ վճարում են, թուղթ են ձեռք բերում ու փակցնում մեքենային: Իսկ եթե ընդունում ենք, որ մեզ համար մարդը մեծագույն արժեք է, ապա ամեն ինչ պետք է անենք նրա համար: Սա բացարձակապես չի պահպանվում, անում են այնպես, ինչպես իրենց գրպանին է հարմար: Լուծումներից մեկն այն է, որ գոնե Հայաստանի տարածքում ավելի խստացնեն այդ փոխադրումները, պարտադիր լինի երկու վարորդ, ինչպես նաև պետք է կազմակերպվի վարորդների բուժստուգում»,- հավելեց նա:
Բանախոսն անդրադարձավ նաև մինիվեններին` նշելով, որ դրանք իրավունք չունեն կատարելու միջքաղաքային և միջպետական ուղևորափոխադրում:
Նրա խոսքով՝ պետք է կանոնակարգվեն փոխադրումներով զբաղվող և տոմս վաճառող ընկերությունները:
«Տրանսպորտի նախարարությունից վերցրել են տրանսպորտի ոլորտը` առանց մասնագետների՝ տվել այլ գերատեսչության: Տրանսպորտի մեկ մասնագետ չենք գտնի, անտեղյակ մարդիկ են»,- եզրափակեց Փոխադրողների միության նախագահը:
Անի Կարապետյան