Դեպի ուր են գնում հայ-ռուսական հարաբերությունները
Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը դեռ հունի մեջ չի ընկել: Ավելին, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջացել և առաջանում են խնդիրներ, ինչպիսին է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առաջացած բարդ սկանդալը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը, որոնք ներկայումս հավելյալ բարդություններ են ստեղծել այդ հարաբերությունների ադապտացիոն փուլը հնարավորինս շուտ հաղթահարելու և բարձր մակարդակի վստահություն ձեռք բերելու ճանապարհին:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 31-ին կրկին հրապարակայնորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ, որը դարձյալ ակտիվացրեց խոսակցությունները հարաբերությունների ներկայիս խնդրահարույց բնույթի մասին: Արդեն երկրորդ տարին է, ինչ ՌԴ նախագահը նման հրապարակային քայլի է գնում:
Հայաստանյան ներքաղաքական փոփոխություններից հետո այս հարաբերություններում ռուսական անհանգստությունների մասին շատ է խոսվել: Օրերս իր հարցազրույցներից մեկում տվյալ թեմային է անդրադարձել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ «Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից. մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարևոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան և բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որևէ մեկին, որքան որևէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկացած գործընկեր ազատ է իր կասկածները, անհանգստությունները հայտնելու հարցում, և դա ներկայումս տեղի է ունենում: Պարզապես, ըստ նրա, և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը ներկայումս միմյանց հանդեպ իրենց քաղաքականությունը ձևավորելիս՝ ելնում են այն հանգամանքից, որ որևէ տեղ միմյանցից չեն կարող փախչել, որը դիրքորոշումներին կարծրություն է հաղորդում:
«Երկու կողմն էլ գիտակցում են, թե որքան կարևոր են միմյանց համար վերջին տարիների տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո: Բայց ստեղծված իրավիճակը կարող է նաև երկարաձգվել, կան նման մտավախություններ, որից կողմերն իսկապես կտուժեն, քանի որ ունեն համագործակցության լայն օրակարգ: Սակայն պետք է հասկանալ, որ այսօր աշխարհը նույնը չէ, ինչ մեկ կամ երկու տարի առաջ, հարաբերություններում բնույթ և ընկալումներ են փոխվում որոշ զարգացումներից հետո, ինչպիսիք էին փոփոխություններն Ուկրաինայում, Վրաստանում և աշխարհի մի շարք այլ անկյուններում:
Այդպիսի փոփոխությունների են ենթարկվում նաև հայ-ռուսական հարաբերությունները, դրանք մասամբ տեղի են ունեցել արդեն այն հանգամանքով, որ կա համագործակցություն ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև որոշ անսովոր հայտարարությունների ֆոնին: Վերջին շրջանում Ռուսաստանը փորձում է մի շարք երկրներից հնչող շատ հայտարարությունների չանդրադառնալ, չսրել իրավիճակը, համագործակցել երկրների քաղաքական ողջ դաշտի, և ոչ միայն՝ իշխանության հետ»,- ասաց վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է հայկական կողմի կասկածներին և զենքի վաճառքին, ապա նա նշեց, որ սա շատ քննարկված թեմա է վերջին տարիներին: «Նախորդ իշխանությունը ևս ունեցել է մտահոգություններ այս թեմայի առնչությամբ: Բայց պետք է ասեմ, որ սա տարածաշրջանում Ռուսաստանի ավանդական քաղաքականությունն է՝ պահել հավասարակշռություն և միաժամանակ զբաղվել բիզնեսով, թեև հայկական կողմին սպառազինություն տրամադրվում է արտոնյալ պայմաններով»:
Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը մեզ հետ զրույցում ասաց, որ ակնհայտորեն հայ-ռուսական հարաբերություններում անհրաժեշտ վերանայման փուլ է, որը երկարաձգվում է, քանի որ կողմերը պատրաստ և սովոր չեն դրան:
«Դժվար է փոխել հարաբերությունների ավանդական գիծը, իսկ հայկական կողմն իր քայլերով փորձում է հավասարակշռել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հրապարակային հայտարարություններում ավելի զգուշավոր լինելով՝ խուսափելու համար Ռուսաստանի հետ առճակատումից: Նշում եմ՝ հրապարակային հայտարարություններում դա չի երևում, քանի որ հայկական կողմը պնդում է, որ արտաքին քաղաքական շրջադարձեր տեղի չեն ունենալու: Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը ոչ այնքան ցայտուն կերպով, ինչը Ռուսաստանում շատ լավ են հասկանում: Բայց ժամանակ է հարկավոր, որպեսզի Հայաստանը նման դիվերսիֆիկացիա իրականացնի իր բոլոր ոլորտներում, քանի որ միմյանց հետ կապված ոլորտները շատ են, ռուսական ներկայությունը նկատելի է բազում ոլորտներում: Դա արտաքին քաղաքականության վրա տարածելու համար պետք է սկսել նաև ոլորտներում իրականացնել փոփոխություններ»,- ասաց Զաշտովտը:
Սրան զուգահեռ՝ Զաշտովտը նկատեց, որ հայկական կողմը փորձել է վստահություն ձեռք բերել եվրասիական շրջանակներում՝ Սիրիա կոնտինգենտ ուղարկելով և Արևմուտքի հետ խնդրահարույց թեմա ստեղծելով: «Այսինքն՝ նոր քաղաքականության նպատակն է հավասարակշռումը, սակայն ժամանակը ցույց կտա, թե որքանով դա հնարավոր կլինի իրականացնել, քանի որ կան նաև ԼՂ հակամարտության նման խնդիրներ, որոնք սահմանափակում են այս նկրտումները, և Ռուսաստանը շատ լավ հասկանում է՝ ինչպես կարելի է խաղարկել իր ձեռքի տակ եղած լծակները: Դա, բնականաբար, բարդացնում է իրավիճակը»,- ասաց վերլուծաբանը: