
«Եվրոպան պարտավորվել է կատարել 11 կետ». Զարիֆ

Իրանը ցանկանում է նավթ վաճառել, եւ այդ նպատակի իրագործումը նախապայման է միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների ամբողջական կատարման համար: Օգոստոսի 27-ին Sddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Եվրոպան պարտավորվել է կատարել 11 կետ: Դրանք ներառում են ներդրումները, քաղաքացիական ավիացիան, տրանսպորտը, Եվրոպայի ձեռնարկությունների վերադարձը: Որպես մեր պարտավորությունների լիակատար իրականացման նախապայման մենք այդ ամենից ոչինչ չենք պահանջում: Մենք սոսկ ցանկանում ենք նավթ վաճառելու հնարավորություն ունենալ եւ դրանից փող ստանալ»,- ասել է նա:
Զարիֆի խոսքով՝ «Եվրոպան առայժմ լոկ սահմանափակվում է համաձայնագրի պաշտպանության հայտարարություններով»: Նա հավելել է, որ եվրոպացիներն «ընդունում են օրենքներ». եւ դրանով ամեն ինչ ավարտվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: