Նախարարը թաքցրե՞լ է անշարժ գույքը և դրանից ստացվող կողմնակի եկամուտը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Շրջակա միջավարի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ 2019 թվականի մայիսի 31-ի դրությամբ հայտարարագրերի ռեեստր է ներկայացրել իր գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը: Դատելով մեկ տարվա ընթացքում երկու անգամ ներկայացված հայտարարագրումներից՝ պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատությամբ նախարարի ունեցվածքում էական փոփոխություն է նկատվում, պակասել է երկու ավտոմեքենա, փոխարենը՝ ավելացել է երկու անշարժ գույք:
Նշենք, որ իբրև անշարժ գույք նախարար Գրիգորյանը դեռ 2018թ. հունիսի 9-ին հայտարարագրել էր բնակարան՝ բազմաբնակելի շենքում և երկու շարժական գույք` «OPEL VECTRA A 1.6 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների ավտոմեքենաներ, երկուսն էլ՝ մարդատար: Այս տարի նախարարը չունի ավտոմեքենա, փոխարենը՝ հայտարարագրել է 30 մլն 508 հազար դրամ արժողությամբ նույն միակ բնակարանը և մի ավտոտնակ, որը ձեռք է բերել 3.5 միլիոն դրամով:
Ավելին՝ նախարարի ունեցվածքում ևս մեկ միավոր է ավելացել՝ անշարժ գույք, ինչը, սակայն, ներկայացված չէ ո՛չ իր, և ո՛չ էլ կնոջ հայտարարագրում:
168.am-ին հայտնի է դարձել, որ նախարարի նոր ձեռք բերած գույքը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում:
Գրիգորյանին է պատկանում Ծարավ աղբյուր թաղամասի նորակառույց բազմաբնակարան 55/26 շենքի առաջին հարկի բազմաֆունկցիոնալ տարածքը՝ ավելի քան 70 քմ մակերեսով, որը վարձակալությամբ տրվել է մի ձեռներեցի: Ի դեպ, նույն շենքում է բնակվում նախարարը, ձեռք բերած ավտոտնակը նույնպես գտնվում է կից տարածքում:
Փաստորեն, նախարարը ոչ միայն անշարժ գույք, այլև կողմնակի եկամուտներ է թաքցրել հայտարարագրման ժամանակ, չնայած ինքն այս ամենին բոլորովին այլ մեկնաբանություն ունի:
Ինչո՞ւ այս գույքը չի հայտարարագրել նախարարը, ինչո՞ւ է թաքցրել անշարժ գույքն ու դրանից ստացվող կողմնակի եկամուտները՝ այս հարցերով դիմեցինք նախարարության լրատվական ծառայություն:
Մեզ փոխանցեցին, որ նախարարը գտնվում է Կորեայում, իսկ ավելի ուշ նրա փոխանցած բացատրությունը 168.am-ին հետևյալն էր. «Տարածքն այս տարի է տրվել վարձով, այնտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում, 2019 թվականի հայտարարագիրը 2020-ին կտեսեք, իսկ այն տարածքը, ինչի մասին խոսվում է, 2018-ի հայտարարագրի ժամանակ վարձով տրված չի եղել»:
Նկատենք՝ վերջին հայտարարագիրը, որում առնվազն պիտի ներկայացված լիներ նոր ձեռք բերված անշարժ գույքը՝ վարսահարդարման սրահը, բայց չկա, իրականում նախարարը 2019թ. մայիսի 31-ին է էթիկայի հանձնաժողով ներկայացրել: Իսկ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով կառուցված թաղամասի 55/26 նորակառույց շենքը, հիշեցնենք, շահագործման է հանձնվել 2018-ի գարնանը:
Սա նշանակում է, որ ճիշտ մեկ տարի առաջ, կամ նույնիսկ շատ ավելի վաղ՝ վիճակահանությամբ հայտնի էր դարձել, որ Էրիկ Գրիգորյանն այդ շենքում ոչ միայն բնակարան, այլև ավտոտնակ ու բազմաֆունկցիոնալ տարածք կունենա: Մյուս վարկածը, թե նա այդ տարածքը ձեռք է բերել հետագայում, համենայնդեպս չհնչեց 168.am-ին տված պարզաբանման մեջ:
Նշենք՝ նախարարի և կնոջ դրամային կարողությունները, ըստ հայտարարագրերի՝ հետևյալ պատկերն ունեն:
2018թ. մայիսի 12-ից նախարար նշանակված Էրիկ Գրիգորյանը հայտարարագրել է 896 շվեյցարական ֆրանկ, 2 մլն դրամ, 6400 դոլար և 3200 եվրո։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 11 մլն 346 հազար դրամ։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բնապահպանության նախարարն ունեցել է 50.000 ՀՀ դրամի բաժնետոմս, ինչը նվազել է հասնելով՝ 23.000-ի:
Էրիկ Գրիգորյանն Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 8 մլն 796 հազար դրամ է ներկայացրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 4 տարբեր չափերի փոխառություններ՝ 40 հազար դոլարի չափով, 30 հազար դոլարի չափով, 25 հազար 845 եվրոյի և 762 հազար դրամի չափով:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գրիգորյանի ունեցած դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ, 3000 դոլար և 896 շվեյցարական ֆրանկ:
Նախարարի կնոջ՝ Նանե Շահնազարյանի հայտարարագրում նշված է, որ նա ունի 300 ԱՄՆ դոլար, 1 մլն 800 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմում է 2 մլն 621 հազար դրամ։
Սյուզի Բադոյան
Հ.Գ. Մեր այս հրապարակումից հետո Շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունից արձագանքել են՝ մամուլի հաղորդագրության ձևաչափով, որում կարծես թե կրկնել են այն ամենը, ինչն ավելի վաղ ներկայացված էր մեր հրապարակման մեջ։
Հաղորդագրության մեջ ասվում է.
«168.am» կայքի՝ «Նախարարը թաքցրե՞լ է անշարժ գույքը և դրանից ստացվող կողմնակի եկամուտը» վերնագրով հոդվածում հրապարակել է ապատեղեկատվություն։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կնոջ՝ Նանե Շահնազարյանի 2018 թվականին ներկայացրած հայտարարագրում գրված է, որ 2018թ․ ձեռք է բերվել բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Ի պատասխան հոդվածագրի՝ Շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված բանավոր հարցման, պարզաբանվել է, որ այդ տարածքը վարձակալության է տրվել 2019թ․ և ըստ կարգի այդ մասին տեղեկությունը կհրապարակվի 2019թ․ հայտարարագրում, որը ներկայացվում է տարին ավարտվելուց հետո մինչը 2020թ․ ապրիլի 1-ը։ Վերոհիշյալ սպառիչ պարզաբանումներից հետո՝ հոդվածի հեղինակը հրապարակում է իրականության չհամապատասխանող տեղեկություն՝ պնդելով, որ նախարարի ունեցվածքում անշարժ գույք է ավելացել, ինչը ներկայացված չէ իր և կնոջ հայտարարագրերում, ինչպես նաև հայտարարագրված չէ այդ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կից ներկայացնում ենք նախարարության կողմից ուշարկված հայտարագրի լուսապատճեն։