«Վարչապետի թեթև ձեռքով արկածախնդրությունը հիմնովին ներթափանցում է նաև Հայաստանի արտաքին քաղաքականություն». Կարեն Բեքարյան

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խնդրում եմ ուշադիր կարդալ այսօր արտգործնախարարին ուղղված հարցը և նրա տված պատասխանը.

«… «Սպուտնիկ Արմենիա».
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում, որ Արցախը Հայաստան է, բավական բուռն ընկալվեց Ադրբեջանում, նաև բուռն արձագանք ստացավ: Արտգործնախարարությունները նույնպես մասնակցեցին, պատասխաններ հնչեցին երկու կողմից: Արդյո՞ք այդ հայտարարությունը որևէ կերպ կանդրադառնա բանակցային գործընթացի վրա՝ հաշվի առնելով նույն Ադրբեջանի արձագանքը: Արդյո՞ք նրանք կարող են փորձել ձևաչափի փոփոխություն անել: Կամ ընդհանրապես Ձեր կարծիքով բանակցային գործընթացի վրա որևէ անդրադարձ դա կարո՞ղ է ունենալ, թե ոչ: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան.
Կարծում եմ, որ մենք արձագանքեցինք առաջինը. Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ ձևավորեց այն, ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ավելացնելու որևէ նոր բան չկա: Այդ ամենն ասվեց Ստեփանակերտում: Մեր՝ Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության մեջ նույնպես վերահաստատվեց այն, ինչ ասվել էր Ստեփանակերտում: Վստահ եմ՝ կարիք չունեմ նորից ընթերցելու այն հայտարարությունը, որ մենք արել ենք Արտաքին գործերի նախարարության անունից: Ես կարող եմ հավելել, որ մեր կողմից մտադրություն չկա որևէ կերպ շեղվելու այն դիրքորոշումներից, այն մոտեցումներից, որոնք վերաբերում են խաղաղ կարգավորմանը և բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու հանձնառությանը: …»

Հուսամ կարիք չկա մանրամասն ներկայացնելու թեման, նախորդ գրառումներում անդրադարձել եմ վարչապետի «դարակազմիկ» ելույթին Ստեփանակերտում, ԱԳՆ-ի այդ ելույթի որոշակի հատվածները խմբագրելու անհաջող փորձերին և այլն…

Մնում է ամրագրել փաստը. վարչապետի թեթև ձեռքով արկածախնդրությունը հիմնովին ներթափանցում է նաև Հայաստանի արտաքին քաղաքականություն, այդ թվում՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթաց: Ցավալի է, բայց համապատասխան ինստիտուտները որևէ կերպ այս ահռելի մարտահրավերին դիմագրավելու կամք կամ հնարավորություն չունեն:

Իրավիճակի և դրա զարգացման պատասխանատուն անձամբ վարչապետն է, ինչպես ինքն է սիրում ասել՝ ժողովրդի վարչապետը:

Ժամանակը չէ՞ սթափվելու, թե՞ պետք է անպայման անցնել անդառնալիության սահմանները, դրանից բխող բոլոր հետևանքներով…»:

Տեսանյութեր

Լրահոս