Աղբի հոտը կպավ նաև Նիկոլին
Տեսականորեն ու պրակտիկ կիրառության տեսանկյունից քաղաքականություն երևույթի մասին հստակ պատկերացումներն ու դրա ստեղծման առանցքային տարրերի մասին իմացությունը հնարավորություն է տալիս կառավարել տվյալ երևույթը: Անգամ յուրաքանչյուր քաղաքացի քաղաքականության մասին ամբողջական պատկերացումների հիմքով կարող է անձամբ ազդել տվյալ երկրի ու անգամ միջազգային քաղաքականության վրա:
Մարդու պրակտիկ կյանքում նրա գոյատևման ոչ մի պատմական ամուր ձև և միջոց չի ձևավորվում առանձին անհատների և խմբերի կամային ցանկությամբ: Բոլորը հանդիսանում են ժամանակի մարտահրավերների իրավիճակների և մարդկային կենսագործունեության պայմանների փոփոխությունների ինքնատիպ պատասխաններ:
Այդպես է եղել նաև քաղաքականության հետ, որը ձևավորվել է հասարակության զարգացման մի շարք տենդենցների հատման արդյունքում, որոնք ապահովում էին մարդկային շահերի բավարարումը և հասունացած խնդիրների լուծումը: Ողջ սոցիալական կյանքը հանդիսանում է մարդկանց և նրանց միավորումների մշտական փոխգործակցության գործընթաց, որոնք հետապնդում են իրենց շահերը և նպատակները, ուստի անխուսափելիորեն մրցակցում են միմյանց հետ: Այսօր հայաստանյան քաղաքական կյանքն իջեցվել է կենցաղայինից ցածր մակարդակի և իր պրիմիտիվությամբ տհաճություն է պատճառում մտածող սեգմենտին։
Ժամեր առաջ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հերթական «լայվը», որի ընթացքում իր խնդիրներն ու մտահոգությունները ներկայացրեց նաև Երևանի քաղաքապետը։
Հայկ Մարությանը մայրաքաղաքի աղբահանության ոչ պատշաճ իրականացման պատճառ է դիտարկում այն, որ «ՍանիՏեք» ընկերությունը չի կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունները: Քաղաքապետի խոսքով` ընկերության ձախողման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ, ըստ իրեն, այդ ընկերությունը լավ չի տիրապետում ոլորտին:
Մոտ մեկ ժամից ավելի տևած քննարկման մեխն աղբամաններն ու մեքենաների ձիաուժերն էին. պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքապետն ու վարչապետը մի ամբողջ ժամ խոսեցին հասարակ տարրական աղբահանության մասին, և սա՝ այն պարագայում, երբ քաղաքում առկա են լուրջ հարցեր՝ կապված տրանսպորտի, կանաչապատման, վերելակների ու աշխատատեղերի հետ, իսկ վարչապետի ու քաղաքապետի միակ քննարկումը ծավալվեց քաղաքային աղբի շուրջ։ Սա ունի իր «շահադիտական» ենթատեքստը։
Այն, ինչին ականատես եղանք այսօր՝ Սովետական Միության շարքային «գարաժի» վարիչի ու ATK-ի ինժեների խոսակցությունից այն կողմ չէր անցնում, իսկ եթե ավելի պատկերավոր՝ այն դերասանական խաղի դասական ներկայացում էր։
Երկու չինովնիկների խոսակցությունը կարմիր թելի նման շարունակում է անցնել նախկին իշխանությունների և քաղաքային նախկին իշխանություններին թիրախավորելու առանցքի շուրջ, այն, ինչին ականատես ենք լինում վերջի մեկուկես տարվա ընթացքում։
Նախ՝ հերթական «սքեթչը» միանշանակ «պասերով» խաղ էր հիշեցնում, մեկը թելն էր բռնել, մյուսը՝ ասեղը, ու միմյանց փոխլրացնելով՝ թեզեր էին զարգացնում։
Քաղաքապետ Մարությանն իր խոսքում ակնարկեց, որ «ՍանիՏեքը» ներդրումներ չի կատարում և փորձում է հարկային պարտականություններից խուսափել: Ավելին՝ նա նշեց, թե կասկածներ ունի առ այն, որ ընկերությունը գումարներ է հանում ՀՀ-ից դեպի Լիբանան՝ դա որակելով նախկին իշխանությունների ու նրանց հետ ասոցիացվող անձանց հետ։
Փաշինյանն իր հերթին՝ փորձեց լուրջ դեմքով ու դեմքի «խելացի» արտահայտությամբ զարգացնել այդ թեզը՝ «սաղ Սերժն ա մեղավոր» սոուսով։
Այստեղ միանգամից պարզ է դառնում, որ հերթական հեքիաթի ու «բոբոներ» գտնելու փորձն է կատարվում, և ակնհայտ սուտ է խոսում, որովհետև ի՞նչ է նշանակում՝ քաղաքապետը վարչապետի հետ խոսում է ընկերության կողմից պետությունից գումարներ հանելու մասին: Դա շատ հեշտ է պարզել՝ բանկային համակարգում ԿԲ-ով ընդհանուր վերահսկողություն սահմանելով և գումարային տեղաշարժը տեսնելով՝ հասկանալ, թե ուր են գնում «ՍանիՏեքի» փողերը։ Սա էժանագին հերթական բլեֆն է, որով փորձում են ժողովրդի աչքին հաճոյանալ։
Կա՞ որևէ խանգարող հանգամանք այս ամենը վերահսկելու և հստակեցնելու, իհարկե՝ ոչ։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետը եկել էր բողոքելու, որ իրեն «թաղի մեծերը» նեղացնում են կամ չեն թողնում իրենց հետ խաղալ։
Այն, ինչին ականատես եղանք՝ մարդկանց աչքին հերթական «թոզ ու մոխիր» փչոցին էր։ Եթե այս ամենին գումարենք խոսակցական ժարգոնային (էս, էն, էտ, էրկու, որտև, պռես, «ա»-ով նախադասություններ և այլն) ու պրիմիտիվ մակարդակը՝ պատկերը դառնում է ընդհանրական։
Սրան զուգահեռ՝ ամեն կերպ փորձեցին արդարացնել քաղաքապետարանի ձեռք բերած 16 մեքենաների կարևորությունը, թե ինչ «կոլապս ու անկառավարելի վիճակ կլիներ, եթե դրանք չլինեին»։ Թեման ավելի մեղմելու և հանրությանը հերթական անգամ սիրաշահելու և բնակչության դժգոհությունը մեղմելու համար նորից ժողովրդին դարձրեցին առաջնային, և հերթական անգամ փաստեցին արդեն լոլո դարձած՝ «ժողովուրդն ամենաթանկ արժեքն է» թեզը։
Հատկանշականն այն է, որ ողջ իշխանությունը գտնվում է Փաշինյանի և իր թիմի տիրապետության տակ, բոլոր լծակներն ու հնարավոր վերահսկողական գործիքակազմերը, բայց միևնույն է՝ չեն կարողանում մի քաղաքի տարրական աղբահանության հարցը կարգավորել, և հիմա նստած ժամով «գյալաջի» են անում ու բողոքում ինչ-որ սաբոտաժներից։
Վերջում հավելենք, որ, ի տարբերություն մեկ տարի առաջ Փաշինյանի «լայվերի», որին հետևում էին 25-30 հազարից ավելի օգտատերեր, այս «լայվին» հետևում էր ընդամենը 6 հազար մարդ։ Տղերք, արդեն ծիծաղելի չէ, ավելի լավ է՝ գնացեք ձեր զիբիլի մաքրմամբ զբաղվեք։
Արմեն Հովասափյան