ԱՆ-ն անդրադարձել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կոնվենցիայի մասին թյուրըմբռնումներին
արդարադատության նախարարությունը անդրադարձել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ հնչած թյուրըմբռնումներին և ներկայացրել իրականությունը: Ներկայացնում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած հաղորդագրությունն ամբողջությամբ:
Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիան ավանդույթներ, սովորույթներ վերացնելու նպատակ է հետապնդում:
Թյուրըմբռնում N 2.Կոնվենցիան պետությունների համար պարտավորություն է սահմանում դպրոցներում քարոզել երրորդ սեռ կոչվածը:
Իրականություն. Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։ Պետք է նկատի ունենալ, որ Կոնվենցիան նախատեսված է տարբեր երկրների միանալու համար, և յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատուկ և ուրույն պատմականորեն ձևակերպված ավանդույթներն ու իրավական շրջանակը և տրամաբանորեն՝ հասարակության զարգացման տարբեր մակարդակը: Ընդհանրապես միջազգային այս կարգի փաստաթղթերում, ինչպիսին նաև ԵԽ այս կոնվենցիան է, երկրների ազգային ավանդույթների, ազգային օրենսդրությունների և իրավական շրջանակի վերաբերյալ ամրագրվում է հարգանքի և չմիջամտելու սկզբունքը։
Ի՞նչ է ասում կոնվենցիայի 14-րդ հոդվածը. «Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում (where appropriate), պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի եւ վեճերը առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում եւ հարմարեցված լինելով ուսումնառողների զարգացող ընդունակություններին։ Բացատրական զեկույցի այս հոդվածը մեկնաբանող կետում նշվում է, որ պետություններն իրենք են որոշում, թե ինչ ուսումնական նյութեր պետք է դասավանդվեն և թե կրթության որ մակարդակներում։ Այլ կերպ ասած՝ չկա պարտադրվող որևէ նյութի տեսակ և կարևոր է հասարակությունը կրթության մակարդակից սկսած ստանա պատշաճ տեղեկություն և կրթություն, որ ընտանիքում, հասարակության, քաղաքականության մեջ կնոջ ու տղամարդու դերերը միմյանց ստորադասված չեն, այլ դրանք հավասար են (միջանձնային հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության), կամ եթե դասագրքերում կինը մշտապես պատկերված է շերեփը ձեռքին, իսկ տղամարդը՝ գիրք կամ թերթ կարդալիս, սա չի նշանակում, որ կնոջ սոցիալական դերը հանգում է ուտելիք պատրաստելուն, իսկ տղամարդունը՝ քաղաքականությամբ զբաղվելուն կամ կառավարելուն (կարծրատիպերից զերծ գենդերային դերեր), որ եթե ընտանիքում, հասարակության մեջ, բողոքի ակցիաներում, հավաքների ընթացքում կամ քննարկումներ անելիս սեփական կարծիքը չպետք է պարտադրել վիրավորանքի, ուժի և, վերջապես, բռնության դրսևորմամբ (փոխադարձ հարգանքի և վեճերը առանց բռնության լուծելու) և այլն։
Այսինքն՝ կոնվենցիան ուսումնական նյութերի բովանդակությունը չի կանխորոշում և ոչ էլ որոշում, թե որ մակարդակում ինչ պետք է ուսուցանվի, այլ պարզապես պահանջում է, որ վերը թվարկված հարցերը հաշվի առնվեն և ըստ նպատակահարմարության կրթական նյութերում ներառվեն։ Ավելին, նույն կետում նաև նշվում է, որ որոշ երկրներ ներառում են նման նյութերը ուսումնական ծրագրերում, իսկ որոշներն էլ՝ այդ հարցը թողնում են դպրոցի հայեցողությանը։
Ուստի, այստեղ նույնպես որևէ վախենալու նորույթ չկա և չի կարող լինել։ Նույն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը գենդերային խտրականություն է համարում կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Այսինքն՝ մեր գործող օրենսդրությունն այդ ամենը տարիներ առաջ սահմանել է և որևէ սեռական կողմնորոշման քարոզի մասին խոսք լինել չի կարող։
Նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիերին սեփական կարծիք ձևավորելու համար քննադատական աչքով կարդալ կոնվենցիան և պատասխանել այն հարցին, թե այդ ո՞ր նորմերն են, որ նման հարց են կարգավորում կամ նման գաղափար խրախուսում։ Եվ եթե որևէ մեկը որևէ նման նորմ կգտնի Կոնվենցիայում, Նախարարությունը պատրաստ է շահագրգիռ մասնագիտական քննարկում ծավալել պարզաբանելու համար հարցը։ Ի դեպ, հասանելի է նաև kոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունը: