Բաժիններ՝

Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը

Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։

Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կձգտեն անհապաղ համագործակցել Սոմալիլենդի հետ գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

Նշվում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարը և Սոմալիլենդի նախագահը ստորագրել են փոխադարձ ճանաչման համատեղ հռչակագիր։

Ըստ աղբյուրի՝ Սոմալիի կառավարությունը դատապարտել է Իսրայելի քայլը՝ այն համարելով անօրինական և դիտավորյալ հարձակում իր ինքնիշխանության վրա՝ մերժելով Սոմալիլենդի ցանկացած ճանաչում։

«Դաշնային կառավարությունը հաստատում է իր վճռականությունը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ դիվանագիտական, քաղաքական և իրավական միջոցները՝ միջազգային իրավունքին համապատասխան իր ինքնիշխանությունը, միասնությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները պաշտպանելու համար», – ասվում է Սոմալիի կառավարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին ուրբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Սոմալիի, Թուրքիայի և Ջիբութիի իր գործընկերների հետ։

Նախարարները դատապարտել են Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը՝ վերահաստատելով իրենց լիակատար աջակցությունը Սոմալիի միասնությանը և տարածքային ամբողջականությանը և զգուշացրել, որ անջատված շրջանների ճանաչումը սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Աֆրիկյան միությունը նույնպես մերժել է Սոմալիլենդի ցանկացած ճանաչում՝ վերահաստատելով իր հանձնառությունը Սոմալիի միասնությանը և տարածքային ամբողջականությանը և զգուշացնելով, որ նման քայլերը կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը ամբողջ մայրցամաքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս