Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ երեկոն․ պարգևատրվել են լավագույն արդյունքներ գրանցած մարզիչներն ու մրցավարները
Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ երեկոն, որի ընթացքում մրցանակներով պարգևատրվեցին 2025 թվականին Հայաստանի պատանեկան առաջնություններում լավագույն արդյունքներ գրանցած մարզիչներն ու մրցավարները, ինչպես նաև Հայաստանում բասկետբոլի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձինք։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ով շնորհավորեց բասկետբոլային համայնքին գալիք Նոր տարվա առթիվ և կարևորեց բասկետբոլի դերը ոչ միայն որպես մարզաձև, այլև որպես արժեքային համակարգ։
Հրաչյա Ռոստոմյանի խոսքից.
«Նոր տարվա նախօրյակին մենք այսօր հավաքվել ենք մեր մեծ բասկետբոլային ընտանիքով։
Ես «ընտանիք» բառը պատահաբար չասեցի։ Նրանք, ովքեր զբաղվել են կամ զբաղվում են բասկետբոլով, կամ պարզապես սիրում են այն, գիտեն՝ բասկետբոլը միայն մարզաձև կամ խաղ չէ։ Թույլ տվեք ասել, որ բասկետբոլը առանձին աշխարհ է, առանձին մշակույթ, որտեղ մենք կարող ենք մրցել միմյանց հետ, լինել տարբեր թիմերում, բայց միասին՝ մեկ մեծ և համերաշխ բասկետբոլային ընտանիք։
Անկեղծորեն ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով պարզ մարդկային երջանկություն և մասնագիտական հաջողություններ։
Մենք մարզիկ լինելուց առաջ, նախ և առաջ, մեր երկրի քաղաքացիներն ենք, և ես վստահ եմ, որ բոլորս ցանկանում ենք մեր երկրին խաղաղություն և բարգավաճում։
Մենք ցանկանում ենք, որ մեր երկրում լինի ներքին համերաշխություն՝ ինչպես բասկետբոլային ընտանիքում, որտեղ արժևորվում են կամքը, արժանապատվությունը, աշխատասիրությունը, արդարությունը և դիմացինին լսելու ու հարգելու կարողությունը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս ընտանիքներին՝ մաղթելով երջանկություն, իսկ մեր երկրին՝ բարգավաճում»։
