Նազելի Բաղդասարյանը հերքում է Թուրքիայի հետ Արաքս գետի վերաբերյալ «գործարքը»

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է թուրքական լրատվամիջոցների հրապարակած այն լուրը, թե Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անվարձահատույց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների բացառիկ իրավունքները հաջորդ 99 տարիների ընթացքում։

«Օքայ Դեփրեմը (հոդվածի հեղ. խմբ.) հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում։ Նույն անձը նախկինում ևս աչքի էր ընկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ նյութերի տարածմամբ, որոնք պաշտոնապես հերքվել են։

Տվյալ հրապարակումը հստակ տեղավորվում է Հայաստանի դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվական արշավների շրջանակում և նպատակ ունի կանխամտածված կերպով մոլորեցնել հանրությանը, խեղաթյուրել տարածաշրջանային գործընթացների իրական պատկերը՝ ներկայացնելով կեղծ ու մոլորեցնող լույսի ներքո»,–գրել է Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում։

Նա ընդգծել է, որ փաստեր ստուգող մի շարք պատասխանատու լրատվամիջոցներ արդեն արձագանքել են՝ իրենց կողմից ստանալով պաշտոնական պարզաբանումներ և հրապարակելով հերքումներ։

Բաղդասարյանը խիստ մտահոգիչ է համարել այն, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են առանց որևէ ստուգման վերարտադրել և տարածել ակնհայտ կեղծ տեղեկություն՝ փաստացի դառնալով ապատեղեկատվական արշավների կամավոր կամ ակամա մասնակից։

Բաղդասարյանը հավելել է, որ առաջիկայում առանձին հրապարակումների շարքով կանդրադառնա այդ ապատեղեկատվական արշավներին՝ բացահայտելով դրանց իրական աղբյուրները, դերակատարներին, տարածման մեխանիզմները և նպատակները։

Տեսանյութեր

Լրահոս