«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների դրական և ռիսկային կողմերը. արդյո՞ք սովորական պայմանագրայինների թվի աճը վտանգվում է

Դեկտեմբերի 25-ի կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է՝

-«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։

– ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Նշված վերջին երկու դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։

– «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն (2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ):

Կարդացեք նաև

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ուսումնական փուլի ավարտի քննությունների արդյունքներով «Պաշտպան հայրենյացի» շահառու զինծառայողներին ատեստավորված համարելն առաջին հայացքից տրամաբանական է:

Բայց մյուս կողմից, ըստ նրա, կա այլ հանգամանք՝ զինված ուժերում կա պլան, որով զինծառայողներն ուսումնական գործընթաց են անցնում, և 6 ամիսը մեկ քննություններ են հանձնում, և եթե «Պաշտպան հայրենյացի» համար ուսումնական փուլի գնահատականը համարվում է նաև ատեստացիայի հիմք, ապա նմանօրինակ արտոնություն պետք է մյուս պայմանագրայիններն էլ ունենան, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից հետո որոշում են անցնել պայմանագրային ծառայության: Սա՝ առաջին կետի հետ կապված:

Ինչ վերաբերում է երկրորդ կետին, ապա Տիգրան Աբրահամյանը նշեց, որ մոտ 1.5 տարի առաջ այս թեմայով ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկություն է ներկայացրել, որն այդ ժամանակ մերժվել է:

«2024 թվականի մարտին ՀՀ պաշտպանության նախարարությանն ատեստացիայի կարգի վերաբերյալ փոփոխության առաջարկ էի ներկայացրել, որը վերաբերում էր ռազմաուսումնական հաստատություններն ավարտող, ինչպես նաև այն զինծառայողներին և սպաներին, որոնք տարբեր պաշտոնների առաջխաղացման համար ՀՀ-ում և Հայաստանից դուրս ակադեմիաներ էին ավարտում, ընդհուպ՝ մինչև գեներալական պաշտոնի նշանակվելու: Դեռ այն ժամանակ էի նշել՝ տրամաբանական չի, որ մարդիկ ակադեմիաներ են ավարտում, սակայն այնտեղի գնահատականը չի համարվում ավտոմատ ատեստավորման հիմք: Հիմա պաշտպանության նախարարությունը, որը 1.5 տարի առաջ մերժել էր առաջարկս ոչ հիմնավոր ձևով, հիմա դա որպես կարևոր ռեֆորմ է ներկայացնում: Իհարկե, ես ուրախ եմ, որ թեկուզ 1.5 տարի հետո կյանքի է կոչվելու, բայց վատ է, որ իշխանությունը, առհասարակ, տարբեր մոտեցումներին մերժողական դիրքից է մոտենում, քանի որ դա ընդդիմադիր գործիչ է ներկայացնում»,- շարունակեց նա:

Անդրադառնալով նրան, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսվել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն՝ 2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ երբ ներդրվում էր «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, այստեղ խնդիրը 18 տարեկանից պարտադիր ժամկետային զորակոչին ենթակա անձանց պայմանագրային ծառայության ընդգրկելուն էր   վերաբերում, ուստի խրախուսման մեխանիզմներն ընկալելի էին, ավելին՝ անհրաժեշտություն:

«Իսկ երկրորդ փուլում, երբ փորձում են երկարաձգել և այդ դեպքում ևս խրախուսման հավելավճարներ սահմանելով, սա նոր իրավիճակ է ստեղծելու իրականում: Պատկերացրեք, մարդ, ով ավարտել է իր զինվորական ծառայությունը և արդեն 10 տարի պայմանագրային ծառայության մեջ է, և նա էլ է արժանի հարգանքի և խրախուսման, բայց նրա դեպքում խրախուսման որևէ համակարգ չկա: Բայց «Պաշտպան հայրենյացի» դեպքում, երբ 5 տարվա խրախուսման մեխանիզմն աշխատել է, դրանից հետո շարունակում ես խրախուսման մեխանիզմ դնել, դա անհավասար և անարդար դաշտ է ստեղծում մյուս զինծառայողների նկատմամբ:

Ավելին, սա պայմանագրային ծառայությունում կարող է հանգեցնել հիասթափափության, ինչից տեղյակ եմ, քանի որ մշտական շփումների մեջ եմ պայմանագրայինների հետ, և գիտեմ՝ ով ինչ է մտածում: Ես վստահ ասում եմ՝ «Պաշտպան հայրենյացի» դեպքում շարունակվող խրախուսման մեխանիզմը շատ ավելի մեծ խնդիրներ է ստեղծելու սովորական պայմանագրային անձնակազմի համար: Այստեղ կա երկու ճանապարհ. կամ «Պաշտպան հայրենյացի» դեպքում չներդնել որևէ մեխանիզմ, կամ մտածել խրախուսման մեխանիզմներ սովորական պայմանագրային ծառայության համար»,- մանրամասնեց պատգամավորը:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում այն գրառման տակ, որը ներկայացնում էին վերոնշյալ փոփոխությունները, որոշ օգտատերեր ևս նշում էին թե՝ «ինչո՞ւ» ոչ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայության անցած պայմանագրայինները 5 տարի հետո 5 միլիոն դրամ չեն ստանում, ինչո՞ւ է խտրականություն դրվում»:

Հավելենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագրի կնքման դեպքում պատվովճարի սահմանման նպատակը ծրագով ծառայություն անցնելու գրավչությունը և այդ զինծառայողներին հետագայում ևս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելն է:

Նշվում է նաև, որ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կանխատեսվում է ոչ շուտ, քան 2030 թվականի առաջին կիսամյակը, քանի որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով առաջին պայմանագրերը կնքվել են 2023թ. փետրվարին, դրանց 5-ամյա ժամկետն ավարտվում է 2028թ. փետրվարին:

Հարկ է նկատել, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին առնչվող արտոնությունը սահմանվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը զուգահեռ, քանի որ այս ծրագրով շահառուների հաշվին են նաև իշխանությունները գնացել դրան:

Մյուս կողմից, արդյո՞ք սովորական պայմանագրայինների թվի նվազում չենք ունենա, արդյո՞ք միայն ատեստացիայի գործընթացի արդյունքում բազային աշխատավարձին գումարվող նյութական դրական բավարարումը բավարար է լինելու ապահովել սովորական պայմանագրայինների բավարար թվային ցուցանիշ: Ժամանակը ցույց կտա:

Տեսանյութեր

Լրահոս