Մանիպուլյացիա և չճշգրտված տվյալներ «Տեղեկատվության ստուգման կենտրոնից». fip.am
Fip.am-ը գրում է. Վերջին շրջանում Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական աջակցության մասին բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվում, որոնց մի մասը նույնիսկ հերքվում է կառավարության կողմից: Սակայն պարզվում է, որ թե՛ տեղեկությունները, և թե՛ կառավարության հերքումները մանիպուլյացիաներ են պարունակում:
Նախ Հայաստանին տրվող ֆինանսական օգնության թեմայով հրապարակումներ էին տարածվել տարբեր լրատվական կայքերում (168.am, armeniasputnik.am), ըստ որոնց կրճատվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը: Ապա, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրած Տեղեկատվության ստուգման կենտրոնն (infocheck.am) օգոստոսի 2-ին տարածել էր հրապարակում` ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ, որում առկա են մանիպուլյացիա և չճշգրտված տվյալներ։
Նախ նշենք, որ ամերիկյան պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ 2018-2019թթ․ հատկացումները դեռևս վերջնական չեն և կարող են նաև փոփոխվել (2019 թվականի մասով), հետևաբար Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության մասին պնդումները միջանկյալ փուլում կարող են սխալ լինել։
Կառավարության ենթակայության տակ գործող տեղեկատվության ստուգման կենտրոնի հրապարակման համար հիմք է դարձել Ամերիկայի հայ ազգային կոմիտեի հայտարարությանը հաջորդած հրապարակումները (168.am, armeniasputnik.am), որոնցում ասվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակը (USAID) նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկով պատրաստվում է չեղարկել Արցախի տարածքի ականազերծման նպատակով 2020թ․ համար նախատեսված ֆինանսական օգնությունը։
Infocheck.am-ը, սակայն, նշում է, որ մամուլում տարածվածը «ամենայն հավանականությամբ, վերաբերում է «Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության» (USAID)՝ «Չտարածում, հակաահաբեկչություն, ականազերծում ծրագրին»», և հերքում է այն՝ որպես ապացույց ներկայացնելով այլ ծրագրերով Հայաստանին տրամադրված գումարների մասին տվյալներ: Ընդորում, պետական այս կառույցը հրապարակումը վերնագրելով «ԱՄՆ-ն չի չեղարկել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը»։
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա ֆինանսական աջակցությունների մասին ինֆորմացիան հրապարակվում է ԱՄՆ Միջազգային քաղաքականության կենտրոնի securityassistance.org կայքում և երկրի պետական մարմինների կայքերում։
Տեղեկատվության ստուգման կենտրոնի կողմից հրապարակված տվյալները հիմնականում վերաբերում են «Տնտեսական աջակցության և զարգացման ծրագրով» Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին հատկացված գումարներին, և փաստացի համապատասխանում են իրականությանը:
Սակայն հայաստանյան ԶԼՄ-ներում ԱՄՆ պետքարտուղարության կողմից տրամադրվող այդ հատկացումների չեղարկման մասին լուրեր չէին տարածվել վերջին շրջանում։ Եվ կառավարությանը կից գործող ՊՈԱԿ-ը, փաստացի, անդրադարձել է այլ տվայլների՝ ակնհայտորեն անտեղի մեղադրանքներ հնչեցնելով հայաստանյան մամուլի հասցեին:
Արցախին տրամադրվող օգնության մասին
ԱՄՆ-ն Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրում է մի շարք ծրագրերի միջոցով (խմբ. օրինակ, այս պահին ընթացքի մեջ է USAID ծրագրի միջոցով մի շարք ծրագրերի իրականացման աջակցությունը, որն ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տվյալների, հասնում է շուրջ 66 մլն դոլարի), և դրանցից մեկի չեղարկումը հաճախ կարող է շփոթություն առաջացնել թեմային ոչ քաջածանոթ մարդու համար։
Այսպես, հուլիսի 31-ին Ամերիկայի հայ ազգային կոմիտեն տարածել էր տեղեկատվություն, համաձայն որի Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է ավարտել Արցախի Հանրապետությանը տրամադրվող ականազերծման ֆինանսական աջակցության ծրագիրը (HALO Trust’s demining program)։ Նախատեսվում է ֆինանսական աջակցությունը չեղարկել 2019 ֆիսկալ տարվա ավարտից՝ հոկտեմբերից։ Որոշումը միանշանակ չի ընդունվել ԱՄՆ կոնգրեսում։ Կոնգրեսի մոտ 90 անդամ արդեն միացել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Թի Ջեյ Քոքսի արշավին՝ ուղղված Արցախի ֆինանսական աջակցության չեղարկման դեմ։
Հատկանշական է, որ HALO TRUST-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող ծրագիրը մեկնարկել է 1995 թվականից։ Եվ ԱՄՆ-ն ՀՀ-ից բացի միակ պետությունն է, որն ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին՝ չճանաչելով նրա անկախությունը։
Ավելին, օրինակ՝ «Չտարածում, հակաահաբեկչություն, ականազերծում» ծրագրով 2000-2018թթ․ Հայաստանին տրամադրվել է ավելի քան 16 մլն դոլարի աջակցություն։ 2019թ․ ոչ վերջնական հաշվարկներով Հայաստանին տրամադրվել է 700 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2020-ի համար նախատեսված գումարները դեռևս հրապարակված և հասանալի չեն։
Իսկ այս տարվա հունիսին ԱՄՆ կոնգրեսում ընդունվել է Արցախի տարածքի ականազերծման համար 1.5 միլիոն դոլար տրամադրելու բանաձևը, որից հետո միայն հաջորդել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի առաջարկը աջակցության չեղարկման վերաբերյալ։
ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից մեզ հայտնեցին, որ «2018 թվականին ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են 38,5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն: 2017թ.-ին տրամադրվել է 40,3 միլիոն: Քանի որ 2019 թվականը դեռ չի ավարտվել, այս ընթացքում աջակցության գումարային չափը դեռ ամփոփված չէ: Քանի որ աջակցության բազմաթիվ ծրագրեր տևում են տարիներ, ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Հայաստանում ներկայումս ակտիվ դրամաշնորհների ու պայմանագրերի չափը 66 միլիոն դոլար է»:
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի` վերոնշյալ հրապարակման մեջ, սակայն, նշված է, որ 2018թ. համար ԱՄՆ արտաքին աջակցությունը Հայաստանին կազմել է մոտ 21 մլն դոլար։ Թե որտեղի՞ց է վերցվել 21 մլն դոլարի աջակցության մասին տվյալը հստակեցված չէ հրապարակման մեջ։
Անհասկանալի է նաև, թե ինչու՞ է կառավարության կողմից գործող ՊՈԱԿ-ը գրեթե կրկնակի «պակասեցնում» Հայաստանին տրվող ամերիկյան օգնության չափը, ընդ որում հղում անելով անորոշ «ամերիկյան կողմի» վրա:
Ավելին, թեև infocheck.am-ը հայտնում է, որ 2019թ․ ԱՄՆ ֆինանսական աջակցությունը կկազմի 26 մլն․ դոլար, սակայն ինչպես նշեցինք 2019-ի աջակցության չափը դեռ հստակ հայտնի չէ։ 2019 թվականին՝ 26 մլն դոլար աջակցության մասին հատվածում Տեղեկատվության ստուգման կենտրոնը հղում է տալիս ամերիկյան կողմին՝ ԱՄՆ Արտաքին աջակցությանը (Foreign assistance), սակայն վերջինիս պաշտոնական կայքում 2019թ․ համար Հայաստանի համար նախատեսված, հայցված և փաստացի հատկացված բաժիններում 26 միլիոն դոլարի վերաբերյալ տվյալներ մենք չգտանք։
Այսպիսով, Տեղեկատվության ստուգման կենտրոնն իր հրապարակմամբ դիմել է մանիպուլյացիաների՝ ներկայացնելով թվեր, որոնք թեպետ հիմնականում համապատասխանում են իրականությանը, սակայն կապ չունեն հայաստանյան լրատվադաշտում քննարկված թեմայի հետ։ Բացի այդ, 2018 և 2019 թվականներին Հայաստանին տրվելիք ԱՄՆ-ի արտաքին աջակցության տվյալները փաստարկված չեն ներկայացված աղբյուրներով և չեն համապատասխանում իրականությանը։
Անի Ավետիսյան