Ինչու է ԱՄՆ-ի վարչակազմը կրճատել ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը
2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75 մլն դոլար: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պնդում է, որ ԱՄՆ արտաքին աջակցության բյուջեով՝ «Foreign Assistance»-ի խողովակով, հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար:
Համեմատության համար նա նշում է, որ 2019թ. այդ գումարը 6.4մլն դոլար էր, 2018-ին` 6.80 մլն, 2017-ին` 26.41 մլն, 2016-ին` 23.10 մլն: 2020թ. նախատեսված գումարից 100 հազար դոլար կտրամադրվի կրթության ոլորտին, 800 հազար դոլար՝ տնտեսական զարգացմանը, 3.1 մլն՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին, 1.5 մլն դոլար՝ անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար), իսկ մնացածը` այլ ոլորտներին:
Ընդ որում՝ «Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ՀՀ-ն ստացել է 2011թ.` 45.2 մլն:
Թվային այս փոփոխությունների առաջին պատճառը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ս.Սարգսյանը, ԱՄՆ վարչակազմի մոտեցումներն են արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, և Հայաստանի Հանրապետությունն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ:
«Սպասելի էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է կրճատեր ՀՀ-ին աջակցությունը: Թրամփի վարչակազմի օրոք լուրջ աջակցություն են ստանում միայն պետությունները, որ առաջնահերթություն են, օրինակ՝ Իսրայել, Եգիպտոս, Աֆղանստան և այլն: Հայաստանի դեպքում ընդամենը բավարարվել են մի փոքր գումարով»,- ասաց Ս.Սարգսյանը:
Ադրբեջանին աջակցությունը 2.5 մլն դոլար է, սակայն, ըստ միջազգայնագետի, այլ օգնության՝ անվտանգության աջակցության խողովակներով, Ադրբեջանին հատկացվում է՝ 100 մլն դոլար, իսկ Հայաստանի՝ 0.
«Այս առումով Ադրբեջանն ավելի կարևոր առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար, այդ երկրների միջև տեղի են ունենում բարձր մակարդակի շփումներ, լուրջ քննարկվող խնդիրներ կան, օրինակ՝ արտգործնախարարի, պաշտպանության նախարարի համատեղ հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի և պաշտպանության քարտուղարի հետ, որ մեկ տարի առաջ հանդիպեցին, և, բնականաբար, Ադրբեջանը լուրջ աջակցություն է ցույց տալիս Աֆղանստանի հարցում, և դա ԱՄՆ-ը բարձր է գնահատում»:
2017թ. համեմատ՝ 2018թ. Հայաստանին աջակցության կտրուկ նվազումը, երբ ՀՀ-ում դեռևս իշխանափոխություն չէր եղել, Ս.Սարգսյանի գնահատմամբ՝ պայմանավորված է Դոնալդ Թրամփի իշխանության գալով.
«Թրամփը նախագահ դարձավ 2016-ին, երբ 2017թ. բյուջեն արդեն հաստատված էր, և հաստատել է արդեն 2018-ի բյուջեն»:
Նա նշեց, որ սա ՀՀ-ին ԱՄՆ աջակցության միակ խողովակը չէ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում 40 մլն դոլար աջակցության բանաձև է ընդունվել, որը պետք է հաստատվի Սենատում, և մոտ ժամանակներս կհասկացվի՝ այդ օգնությունը կլինի՞, թե՞ ոչ: Ս.Սարգսյանի խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թրամփի վարչակազմի կողմից օգնությունը չավելացվեց, թեև եղան որոշակի միանվագ աջակցություններ USAID-ի խողովակով, և այլն:
«ԱՄՆ-ի տրամադրած աջակցության այս չափը մեր քաղաքականության փոփոխության հետևանքով չէ, բայց մեր իշխանությունները կարող էին ավելի ակտիվ համագործակցել ԱՄՆ-ի հետ, հատկապես՝ նախադրյալները կային, և հնարավորություն կար ակտիվ աշխատելու և ծավալները մեծացնելու»,- նկատեց Ս.Սարգսյանը:
Հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս թվերը մեկնաբանելու կարիք չկա, դա պարզապես ԱՄՆ Կոնգրեսի որոշումն է:
«Պետք է աշխատել, որ բարձրացնեն հատկացվող աջակցության չափը: ՀՀ իշխանությունը պետք է ասի, թե ինչ է անում, որ ՀՀ-ին աջակցությունն աճի, և ոչ թե նվազի»,- ասաց Է.Մարուքյանը: