Ո՞ր երկրներից և ինչո՞ւ են արտաքսվում ՀՀ քաղաքացիները. պարզաբանում են միգրացիոն ծառայությունից

Վերջին շրջանում հատկապես եվրոպական երկրներից արտաքսվող ՀՀ քաղաքացիների թիվը, ըստ շրջանառվող լուրերի, աճել է: Արդյո՞ք դա պայմանավորված է թավշյա հեղափոխությամբ, թե՞ այդ միտումն ավելի վաղ է սկսվել, ո՞ր երկրներից են արտաքսում ՀՀ քաղաքացիներին, և որքա՞ն է հայրենիք վերադարձողների թիվը. այս և այլ հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ միգրացիոն ծառայությունից:

ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյան 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 2019թ. տվյալները դեռևս չունեն, իսկ 2018թ. պատկերը հետևյալն է.

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի շրջանակներում 2018թ. ընթացքում ստացել ենք 1042 հայց՝ 2077 անձանց վերաբերյալ, և 1709 հոգու ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը հաստատվել է: Չենք կարող հստակ ասել՝ բոլորը վերադարձել են Հայաստան, թե ոչ, բայց 2018թ. ընթացքում աջակցման, վերաինտեգրման ծրագրերին դիմել է 1675 հոգի: Մյուսը Հայաստան վերադարձողների՝ ԵՄ երկրների վիճակագրությունն է, և Եվրոստատի տվյալներով՝ 2018թ. փաստացի Հայաստան է վերադարձել 2030 անձ: Վերաինտեգրման ծրագրերին արդեն դիմել է 1771 ՀՀ քաղաքացի»:

ԵՄ-ի հետ ռեադմիսիայի համաձայնագիրը կնքվել է 2014թ., իսկ ՌԴ-ի հետ ավելի վաղուց՝ 2011թ., և, ըստ մեր զրուցակցի՝ վերոնշյալ դեպքերը համաձայնագրի շրջանակներում են:

«Այն, որ 2016 թվականից ավելի ինտենսիվացել են արտաքսման դեպքերը, պայմանավորված է նաև նրանով, որ ԵՄ երկրները խստացրել են իրենց միգրացիոն քաղաքականությունը: Կոնկրետ Գերմանիան շատ արագ ընթացակարգով է ապաստանի հարցի դիմումները նայում, նույնը նաև՝ Ֆրանսիան: Իսկ մեր հայրենակիցները հիմնականում ապաստան են հայցում Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում: Հետևաբար՝ այդ երկրներից են ավելի շատ վերադարձի դեպքերը: Հայաստանը մի քանի երկրների կողմից հայտարարվել է ապահով երկիր, օրինակ՝ Ֆրանսիայի կողմից ապահով, ժողովրդավար երկիր է հայտարարվել դեռևս 2010թ.: Հայաստանը ապահով երկիր է հայտարարել նաև Բուլղարիան:

Միտումներ կան, որ Գերմանիան ևս Հայաստանը ճանաչում է ապահով երկիր, թեև դա պաշտոնապես չի հայտարարվել: Դա նշանակում է, որ Հայաստանում չկա մարդու իրավունքների ոտնահարում, պատերազմական իրավիճակ, մարդու կյանքին սպառնացող ցանկացած խնդրի մեր հայրենակիցները չեն բախվում, այդ պատճառով էլ Հայաստան են ուղարկվում»,- ասաց Հայկանուշ Չոբանյանը՝ ընդգծելով՝ եվրոպական երկրներն իրենց միգրացիոն քաղաքականությունը խստացրել են, քանի որ փախստականների մեծ ծավալով հոսքեր են ընդունել և առաջնահերթությունը տալիս են այն մարդկանց, ովքեր իսկապես բավարարում են փախստականի կոնվենցիայի պահանջներին:

«Այն մարդիկ, ովքեր իրականում փախստական չեն համարվում, չեն ընդունվում, և իրենց վերադարձնում են ծագման երկիր, դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև մեր հարևան երկրներին՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բալկանյան երկրներ»,- եզրափակեց ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետը:

Տեսանյութեր

Լրահոս